Oգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն և ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լեհական ռազմական համագործակցության ոլորտում զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանը և երկուստեք հետաքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նշենք, որ Հայաստանի և Լեհաստանի ռազմական համագործակցությունը բավական բարձր մակարդակի վրա է: 2014թ. հոկտեմբերին Չարենցավանում պաշտոնապես բացվել է «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, որն արդեն արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք: Ընկերության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Ռազմական հանրագիտարանում:
Իսկ նախարար Օհանյանը Հայաստանում Լեհաստանի դեսպանին և ռազմական կցորդին ընդունել է նաև 2015-ի փետրվարին, երբ լեհական դիվանագետները նոր էին նշանակվել Հայաստանում: