Օգոստոսի 24-ից 28-ը Ռուսաստանի Պսկով քաղաքում (ՌԴ արևմուտք, Լատիվիա-Էստոնիայի սահմանի մոտ) անցկացվելու է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը, որին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները:
Զորավարժությանը ներգրավված է լինելու մոտ 2000 զինծառայող, որից մոտ 1000-ը՝ ՌԴ զինված ուժերից, և մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում և կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ և բեռնատար ինքնաթիռներ: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատար, զորավարժության ղեկավար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը:
Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը չեզոքացնելու են կազմակերպության պատասխանատվության գոտու՝ Արևելյան Եվրոպայի հատվածում առաջացած պայմանական զինված հակամարտությունը:
Քարտեզում նշված է Ռուսաստանի՝ Լատվիային և Էստոնիային սահմանամերձ Պսկով քաղաքը, որտեղ անցկացվելու է ՀԱՊԿ զորավարժությունը:
Զորավարժության առաջին փուլում մասնակիցներն անցկացնելու են հրամանատարաշտաբային մարզումներ, որոնց ընթացքում կազմելու են փոխգործակցության ծրագիրը: Երկորդ փուլում հավաքական ուժերը տեղայնացնելու են զինված հակամարտությունը և ոչնչացնելու են ապօրինի զինված խմբավորումներին:
Զորավարժության ընթացքում ուշադրություն է դարձվելու նաև տեխնածին աղետների հետևանքների վերացման գործողություններին, ինչի համար Ղազախստանից զորավարժությանը մասնակցելու է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) գումարտակ:
Նշենք, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2014-ին զորավարժությունն անցկացվել է Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:
Իսկ «Փոխգործակցություն-2015» զորավարժությունից բացի, 2015-ի աշնանը ՀԱՊԿ հավաքական ուժերը ևս մեկ զորավարժություն անցկացնելու են Հայաստանում: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, որին նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուլիսին եկել էր Հայաստան: Հայաստանում անցկացվելիք զորավարժությանը դիտորդներ է ուղարկելու նաև ՄԱԿ-ը:
Մինչ այդ, սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդակցության նախապատրաստման աշխատանքներին հետևելու համար օգոստոսի 18-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մեկնել է Տաջիկստան: Սեպտեմբերին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ վերջնականապես ամփոփվելու են ՀԱՊԿ հավաքական ուժերի նախորդ՝ մայիսին Տաջիկստանում անցկացված, զորավարժության արդյունքները, որին մասնակցում էին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը: Զորավարժությանը մասնակցում էր նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը:
Pingback: ՀԱՊԿ զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈւ անձնակազմը մեկնել է Ռուսաստան | Ռազմ.info