Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին օգոստոսի 15-ին մեկնել էր ԱՄՆ, որտեղ մի քանի հանդիպում էր ունենալու երկրի ռազմական ղեկավարության հետ: Օգոստոսի 18-ին Խիդաշելին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար (նախարար) Էշթոն Քարտերին: Այս մասին տեղեկացնում է Պենտագոնը:
Հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ նախատեսում է իր դաշնակիցներին աջակցելու ծրագրով Վրաստանին տրամադրել 20 միլիոն ամերիկյան դոլար ռազմական օգնություն:
Բացի այդ, Քարտերը նշել է, որ ամերիկյան կողմը մտադիր է այսուհետ ևս շարունակել վրաստանյան զինված ուժերի հետ համատեղ երկկողմ և բազմազգ զորավարժությունների ու վարժանքների անցկացումը:
Ամերիկյան կողմը նաև նշել է, որ Վրաստանի հետ համագործակցությունը շարունակելու է նաև Վրաստան-ՆԱՏՕ ձևաչափով: Կողմերը քննարկել են նաև վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության այլ ոլորտներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
Մինչ այդ Վրաստանի պաշտպանության նախարար Խիդաշելին և Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն հանդիպել են նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ռոդրիգեսին, ում հետ քննարկել են վարստանցի վիրավոր զինծառայողների՝ ԱՄՆ-ում վերականգնողական կուրսեր անցնելու հարցեր: Ամերիկյան կողմը, կարևորելով վերականգնման կուրսերի ժամանակ սպորտի դերը, պատրաստակամություն է հայտնել ոլորտի մասնագետներ ուղարկել Վրաստան՝ տեղացի զինվորականներին վերապատրաստելու համար: (Նշենք, որ վրացական կողմն իր վիրավոր զինծառայողների վերականգնողական կուրսեր անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ունի նաև Հայաստանի հետ, հունիսին վրացական կողմին այս առաջարկն արել է ՀՀ ԶՈւ՝ Վրաստան այցելած պատվիրակությունը):
Ավելի վաղ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի և պետքարտուղարի՝ ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Փունիթ Թալվարի հետ: Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի (NATO-Georgia substantial package) կատարումը (փաթեթի գլխավոր նպատակը Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործում նախապատրաստելն է):
Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան Դաշինքի՝ Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի (NATO-Georgia substantial package) շրջանակներում հուլիսին Վրաստանում անցկացվել է ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2015 զորավարժությունը:
Վարժանքի ընթացքում Վրաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և ԱՄՆ զինծառայողները բնակելի վայրում մարտական գործողություն են իրականացրել, գրոհով վերցրել պայմանական հակառակորդի զբաղեցրած բնագծերը, զինծառայողների մի մասին գերի են վերցրել։
Իսկ ավելի ուշ՝ օգոստոսի 26-27-ին, Վրաստան է այցելելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ նույն փաթեթի իրականացման շրջանակում Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ռազմական ուսումնական կենտրոն բացելու համար:
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info