Օգոստոսի 18-ին Զինված ուժերի զորամասերում հանդիսավորությամբ տրվել է 2015 թվականի ամառային ուսումնական փուլի մեկնարկը: Այդ կապակցությամբ զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Նոր ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառում 3-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում
Ուսումնական փուլի մեկնարկի օրը 3-րդ բանակային զորամիավորման հրետանային զորամասերից մեկին նաև հանձնվել է մարտական դրոշ:
Զինվորական փառքի, պատվի և արիության խորհրդանիշը՝ մարտական դրոշը հրամկազմին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նոր կիսամյակը՝ իբրև նախորդների շարունակություն, հաջողություններով լի կլինի և ԶՈւ ստորաբաժանումներն իրենց առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն:
Զորամասի հրամանատար Ռուբեն Գասպարյանն էլ հավաստիացրել է, որ հավատարիմ մնալով զինվորական երդմանը և մարտական դրոշին՝ այսուհետ ևս արվելու է առավելագույնը՝ զորամասի մարտական պատրաստականությունն ու մարտունակության մակարդակը մշտապես բարձրացնելու համար:
Խորհրդանշական օրը հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել նաև ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

ՀՀ ԶՈւ ավիացիոն զորամասում նշել են նոր ուսումնական փուլի մեկնարկը և ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի կազմավորման տարեդարձը
Այստեղ էլ ուսումնական փուլի մեկնարկի օրը համընկել է ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի կազմավորման տարեդարձի հետ: Տոնական օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին և խոսելով ռազմական ավիացիայի ներուժի մասին՝ նախարար Օհանյանը բանակաշինության և ազգային բանակի մարտունակության բարձրացման համատեքստում կարևորել է ռազմական և քաղավիացիայի օդաչուների, օդային ճանապարհով ռազմական նշանակության բեռների փոխադրումներ իրականանցնող ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի դերակատարությունը:
Հանդիսավոր միտինգի ավարտին բեռների և սպառազինության տեղափոխման աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու, միջազգային տարբեր միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես նաև բանակաշինության գործում ունեցած նշանակալի ավանդի համար զինվորական և քաղաքացիական ավիացիայի մի շարք ծառայողներ պաշտպանության նախարարի հրամանով խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և դրամական պարգևներով: