Թուրք-քրդական նոր բախումներ արևելյան Մուշ և Հաքքարի նահանգներում. կան սպանվածներ

Թուրքիայի արևելյան Մուշ նահանգում երկրի զինծառայողների հետ բախման արդյունքում օգոստոսի 16-ին սպանվել է «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) 6 մարտիկ, ևս 1-ին բռնել են։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ

Միջադեպը եղել է նահանգի Վարթո գավառում, երբ PKK անդամների՝ տարածքն ականապատելու մտադրությունը կանխելու նպատակով Թուրքիայի զինծառայողները ձեռնարկել են հատուկ գործողություն։

Բացի այդ, անվտանգության ծառայակիցներին հաջողվել է վնասազերծել ընդհանուր 120 կգ զանգվածով 2 ինքնաշեն պայթուցիկներ, որոնք տեղադրված են եղել գավառի տարբեր ծայրամասերում։

Ինչպես հաղորդում է լրատվական գործակալությունը, գործողությունն իրականացվել է Մուշի նահանգապետի կողմից հայտարարված պարտետային ժամվա ընթացքում՝ երեկոյան 8-ից առավոտյան 5-ը։ Այս գործողության ժամանակ նաև բազմաթիվ տներ և գրասենյակներ են վնասվել։

Քարտեզում ներկայիս Թուրքիայի Մուշ  նահանգն է։

Արդեն օգոստիսի 17-ին կանգնեցնելով դեպի գավառ ընթացող կասկածելի մեքենան՝ Թուրքիայի անվտանգության ծառայակիցներն առգրավել են 15 միավոր «Կալաշնիկով» տեսակի հրացան, 5 հազար փամփուշտ և 5 միավոր ձեռքի հակատանկային նռնականետ։

Օգոստոսի 18-ին եվս մեկ միջադեպ եղել է արևելյան Հաքքարի նահանգում։ Ոստիկանների հետ բախման ժամանակ սպանվել է PKK մեկ զինյալ։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքը եղել է, երբ քուրդ մարտիկները փակել են Սեմդիննլի-Յուքսեքովա մայրուղին, այնուհետև՝ հարձակվել դեպքի վայր հասած ոստիկանների վրա։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *