Դաղստանում սպանվել է «Կովկասի էմիրություն» ահաբեկչական խմբի պարագլուխներից մեկը

Դաղստանի Ունցուկուլսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է տեղում գործող «Կովկասի էմիրություն» ահաբեկչական խմբավորման «լեռնային խմբի» ղեկավարը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանցի ուժայինների հակաահաբեկչական հատուկ գործողություն Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանցի ուժայինների հակաահաբեկչական հատուկ գործողություն Հյուսիսային Կովկասում

Օգոստոսի 16-ին՝ օգոստոսի 10-ին շարունակվող գործողության ժամանակ, ուժայինները Ռուսաստանի կազմի մեջ մտնող Դաղստանի Ունցուկուլսկի շրջանի լեռնանտառային հատվածում հայտնաբերել են ահաբեկչական խմբի անդամներին, ինչից հետո ահաբեկիչներն իրենք սկսել են կրակել ուժայինների ուղղությամբ: Փոխհրաձգության արդյունքում ահաբեկչական խմբի անդամներից մեկը, որը, ավելի ուշ պարզվել է, «Կովկասի էմիրություն» խմբավորման այսպես կոչված «լեռնային խմբի» պարագլուխն է՝ Մագոմեդ Աբդուլաևը, որ հայտնի է նաև Աբու-Դուջան մականունով: Մինչ այդ սպանված ահաբեկիչը կռվել էր Սիրիայում և «Կովկասի էմիրություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Մագոմեդ Սուլեյմանովի սպանությունից հետո պատրաստվում էր իր ղեկավարության տակ առնել ամբողջ խմբավորումը:

Փոխհրաձգությունից հետո ուժայինները հայտնաբերել են նաև ահաբեկչական խմբավորման զենքի և զինամթերքի երկու պահեստ, իսկ հակաահաբեկչական գործողությունը դեռ շարունակվում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Դաղստանի Ունցուկուլսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել, որի ընթացքում ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են զինված խմբավորման 3 անդամ: Նրանց մեջ էր եղել նաև «Կովկասի էմիրություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ ղեկավար Մագոմեդ Սուլեյմանովը, որի սպանությունից հետո ահաբեկչական խմբավորման ղեկավարի «պաշտոնը թափուր էր մնացել»։

2015 թվականից մինչև օրս Դաղստանում իրականացված ահաբեկչական և հակաահաբեկչական գործողությունների մասին Ռազմինֆոն կազմել է ինտերակտիվ ժամանակագրություն, որին կարող եք ծանոթանալ ստորև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *