Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հետ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որին մասնակցել են նաև միավորումների զորամասերի և գումարտակների հրամանատարները, նրանց տեղակալները՝ նման միջոցառումների պլանավորման և անցկացման հարցերում նմանատիպ մոտեցումներ ձևավորելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ օգոստոսի 16-ի թողարկումը:
ՊԲ մարտական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Սուրենյանը նշել է, որ զորավարժության նպատակը իրադրությանն առավել մոտ, գիշերային պայմաններում ստորաբաժանումների մարզումն է՝ բոլոր տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Գիշերային պայմաններում խաղարկվել են մարտական գործողություններ, որոնց ընթացքում ստորաբաժանումները պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտ վարելով հակառակորդի շրջանցող ջոկատների և դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ, ջախջախել են դրանց և, օգնության եկած ուժերի հետ զարգացնելով հակագրոհ, վերականգնել են պայմանական առաջնագիծը:
Ուսումնական կետերում անցկացվել են գիշերային տեսանելիության սարքերի և դրանց կիրառման կարգի, գիշերային մարտի լուսային ապահովման, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման դեպքում դիրքի անձնակազմի և ջերմային դիտարկման կետի գործողությունների թեմաներով պարապմունքներ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info