Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015-ի ամառային զորակոչի նախնական արդյունքները։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԳՇ պետի՝ թիկունքի գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, զորակոչային հանձնաժողովի ներկայացուցիչներ և առողջապահության ոլորտի պատասխանատուներ։
Հանդիպման ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը: Զեկույցում ներկայացվել են ամառային զորակոչի թե´ դրական միտումները, և թե´ բացթողումները: Անդրադարձ է եղել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների բուժզննման և կանխարգելիչ պատվաստման խնդիրներին:
Արձանագրվել է, որ ամառային զորակոչի պլանը գերակատարվել է, էապես նվազել են կոռուպցիոն դեպքերը։ Երիտասարդների բուժհետազոտության, կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքերի կազմակերպման, ուսման նպատակով տարկետում ստանալու, զորակոչից խուսափողներին արագ հայտնաբերելու և հարակից մի շարք այլ հարցերի առնչությամբ հնչել են նաև առաջարկներ։