Ռուսաստանը, հնարավոր է, ռադիոտեղորոշման նոր կայան կառուցի Ադրբեջանում

ՌԴ ՊՆ պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում այսօր՝ օգոստոսի 17-ին, լույս է տեսել ՌԴ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանը նվիրված հոդված, որում նշվում է նաև, թե Ռուսաստանը 2017-ից պլանավորում է Ադրբեջանում կառուցել հեռավոր հայտնաբերման ռադիոտեղորոշման նոր կայան։

Գաբալայի ՌՏԿ

Գաբալայի ՌՏԿ

Հրապարակման մեջ նշվում է, որ խոսքը «Վորոնեժ» ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) մասին է, որի կառավարումն իրականացնելու է բացառապես ռուսաստանյան կողմը։

Ռուսաստանյան «Վորոնեժ» ռադիոտեղորոշման կայանը նախատեսված է հակառակորդի ինչպես աերոդինամիկ, այնպես էլ բալիստիկ թիրախների, այդ թվում՝ թևավոր հրթիռների հայտնաբերման և ուղեկցման համար, ինչից հետո թիրախների կոորդինատները փոխանցվում են արդեն հակաօդային պաշտպանության խոցման միջոցներին։ Նշվում է նաև, որ «Վորոնեժ» ՌՏԿ-ն ունակ է միաժամանակ ուղեկցել մինչև 500 օդային թիրախ մինչև 6 հազար կմ հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի Գաբալա քաղաքից ոչ հեռու տեղակայված ռադիոտեղորոշման կայանի շահագործումը Ռուսաստանի կողմից շարունակվեց ընդհուպ մինչև 2012-ի դեկտեմբերը, երբ լրացավ դրա վարձակալության ժամկետը։ Գաբալայի ՌՏԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և վարձակալության պայմանների շուրջ ծավալված ռուս-ադրբեջանական բանակցություններն արդյունք չտվեցին, ինչն էլ ստիպեց ռուսաստանյան կողմին դադարեցնել դրա շահագործումը։ Որպես պատճառ նշվում էր, որ Ադրբեջանը չափազանց բարձր գին է պահանջում սահմանել վարձակալության նոր պայմանագրում։

Պետք է նշել, սակայն, որ իրադարձությունների նման ընթացքը ՌԴ-ի համար անակնկալ չէր, քանի որ վերջինս արդեն մեծ թափով պատրաստվում էր Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքում տեղակայված նոր՝ «Վորոնեժ» տիպի ՌՏԿ-ի շահագործմանը, որի մեկնարկը տրվեց 2013-ի հունիսին՝ իր վրա վերցնելով նաև բոլոր այն գործառույթները, որոնք մինչ այդ իրականացնում էր Գաբալայի ՌՏԿ-ն։

Հավելենք նաև, որ Ադրբեջանում ռուսաստանյան նոր ՌՏԿ-ի հնարավոր տեղակայման տեղեկության շուրջ պաշտոնական որևէ մեկնաբանություն կողմերից որևէ մեկը դեռևս չի արել։

Քարտեզում՝ Արմավիրի ՌՏԿ-ն։

3 responses to “Ռուսաստանը, հնարավոր է, ռադիոտեղորոշման նոր կայան կառուցի Ադրբեջանում

  1. Pingback: ՌԴ ԶՈւ գեներալը հերքել է, թե Մոսկվան պատրաստվում է նոր ՌՏԿ կառուցել Ադրբեջանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *