Թուրք-քրդական բախումներ են եղել Կարսում և Դիարբեքիրում, կան սպանվածներ

Թուրքիայի՝ ՀՀ-ին սահմանակից հյուսիսարևելյան Կարս նահանգի Կաղզվան գավառի Քարաքալե գյուղի մոտակայքում օգոստոսի 16-ին՝ թուրքական ժանդարմերիայի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների բախման արդյունքում սպանվել 3 զինյալ, վիրավորվել 2 զինծառայող։ Վիրավորված  զինծառայողներից մեկը (թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցամամբ՝ 35-ամյա ավագ ենթասպա Նուրեթթին Օզթյուրքը) մահացել է Կարսի հիվանդանոցում։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի փոխանցմամբ՝ թուրքական ժանդարմերիան «հակաահաբեկչական» գործողություն է իրականացրել։ Զինծառայողները քուրդ զինյալներին հանձնվելու կոչ են արել, ինչին ի պատասխան քրդերը կրակ են բացել։

Կարսի նահանգն անմիջապես սահմանակից է ՀՀ-ին։

Թուրքիայի ոստիկանությունը օգոստոսի 15-ի երեկոյան մեկ այլ գործողություն է իրականացրել նաև երկրի հարավային Դիարբեքիր նահանգում՝ PKK-ի երիտասարդական թևի՝ «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման»  (YDG-H) անդամներից բռնագրավելով ինքնաշեն պայթուցիկ նյութեր և բռնկվող նյութերով շշեր («Մոլոտովի կոկտեյլներ»)։ Նաև YDG-H-ի անդամներ են ձերբակալվել։

Հավելենք, որ «Անադոլուի» փոխանցմամբ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ այդ նահանգի գրանսենյակներից մեկում նույն օրը՝ երեկոյան, պայթյունի հետևանքով վիրավորվել է ևս մեկ սպա։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

PKK-ի հետ թուրքական կառավարական ուժերի բախումները՝ սկսած այս թվականի հուլիսի 23-ից, ներկայացված են ժամանակագրությամբ։ Այս ընթացում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 40-ից ավելի ծառայող։

One response to “Թուրք-քրդական բախումներ են եղել Կարսում և Դիարբեքիրում, կան սպանվածներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *