Ադրբեջանական Azeridefence ռազմական վերլուծական կայքը, որը բավական վստահելի աղբյուր է, հրապարակել է տեղեկություններ` երկրի զինված ուժերի ռազմական ղեկավարության շրջանում իրականացված մի շարք պաշտոնափոխությունների վերաբերյալ։
Կայքը, հղվելով սեփական աղբյուրներին, նշում է, որ պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գորխմազ Գարաևը։ Նշվում է, որ Գարաևը նշանակվել է բանակային 3-րդ կորպուսի (օպերատիվ պատասխանատվության գոտին՝ ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերին սահմանակից շրջանները, ինչպես նաև Մռավի լեռները-Ռազմինֆո) հրամանատարի տեղակալ։
Հայտնի է նաև նյութատեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնում Գարաևին փոխարինողի անունը։ Ըստ կայքի տեղեկությունների` վարչության պետ է նշանակվել գնդապետ Ֆուադ Մամեդովը։
Պաշտոնափոխություններն այսքանով չեն սահմանափակվել։ Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանը ղեկավարելու է մինչ այս ՊՆ բարոյահոգեբանական պատրաստության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Ռյուֆեթ Ամիրովը։ Նշենք, որ վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2014-ի մայիսին, իսկ մինչ այդ ղեկավարում էր Ադրբեջանի ռազմական պատմության թանգարանը։
Ընթերցողի ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքին, որ վերոնշյալ պաշտոնափոխությունների վերաբերյալ տեղեկությունները պաշտոնապես դեռևս չեն հաստատվել։
Հիշեցնենք, որ օրերս կոռուպցիոն սկանդալ էր հասունացել Ադրբեջանի ռազմական ղեկավարության շրջանում։ Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով չարաշահումների համար պաշտոնից ազատվել էին գլխավոր ռազմական տեսչության պետ, ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրեդդին Ջաբրայիլովն ու Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովը։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info