Իրանի ցամաքային զորքերը 6 զորավարժություն կանցկացնեն մինչև 2016-ի մարտ

Մինչև իրանական տարվա ավարտը՝ 2016թ. մարտ, Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերն անցկացնելու են վեց զորավարժություն, որոնցից մեկը՝ տեղական արտադրության հրթիռներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ Ռեզա Փուրդաստանը։

Իրանի ցամաքային զորքերը զորավարժության ժամանակ

Իրանի ցամաքային զորքերը զորավարժության ժամանակ

Ըստ զորահրամանատարի՝ զորավարժություններից երկուսն անցկացվելու են առաջիկա աշնանը, մեկը՝ երկրի արևմտյան նահանգներում, մյուսը՝ արևելյան: Իսկ տեղական արտադրության հրթիռներով մասնագիտացված զորավարժությունն անցկացվելու է տարվա վերջին:

Հրթիռային մասնագիտացված զորավարժության, հրթիռների փորձարկման մասին հայտարարել է նաև Իրանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին: Այս հայտարարությունը իրանցի գեներալն արել է այն բանից հետո, երբ Իրանի խորհրդարանի պատգամավորները կոչ են արել վերսկսել հրթիռների փորձարկումները:

Իրանյան Fars News լրատվական գործակալությունը հրթիռային սպառազինության փորձարկումների կոչերը կապում է ՄԱԿ անվտանգության խորհրդում Իրան-վեցյակ համաձայնության քննարկման հետ: Ըստ լրատվամիջոցի՝ ԱԽ-ն իր բանաձևում նշել է, որ Իրանը 8 տարի շարունակ չպետք է նախագծի և փորձարկի միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ բալիստիկ հրթիռներ:

Սակայն իրանական կողմը նշում է, որ իրենց բալիստիկ հրթիռները նախատեսված չեն միջուկային մարտագլխիկներ կրելու համար:

Ավելացնենք, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հուլիսի 14-ի՝ Իրան-վեցյակ համաձայնությամբ՝ իրանական կողմի համար հրթիռային սպառազինության և տեխնոլոգիաների ներկրման արգելքները շարունակվելու են ևս 8 տարի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *