Այսօր՝ օգոստոսի 13-ին, Թուրքիայի կենտրոնական Թյունջելի նահանգում (Էրզրումից հարավ-արևմուտք) ճանապարհի վրա դրված հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկով պայթեցվել է թուրքական ոստիկանության ռազմական մեքենա, որի կոնկրետ մակնիշը չի նշվում: Թուրքական «Հյուրիյեթ» լրատվակայքը նշում է, որ պայթյունի պատճառով կորուստներ չեն եղել:
Սակայն թուրքական մեկ այլ լրատվամիջոց՝ «Իհլաս հաբեր» գործակալությունը նշում է, որ պայթյունի պատճառով վիրավորվել է մեքենայի վարորդը, որն ուղղաթիռով տեղափոխվել է հոսպիտալ:
Որպես մեքենայի պայթյունի հավանական կազմակերպիչ թուրքական լրատվամիջոցները նշում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը», որը վերջին շրջանում հաճախակի է նման գործողություններ կազմակերպում թուրքական իշխանությունների դեմ:
Թուրք-քրդական հարաբերությունների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչություն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։ Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին։
PKK-ի հետ թուրքական կառավարական ուժերի բախումները՝ սկսած այս թվականի հուլիսի 23-ից, ներկայացված են ժամանակագրությամբ։