Հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունում մասնագիտացող ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» կոնցերնի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում ընթանում են «Բուկ» զենիթահրթիռային համալիրի ընտանիքի նոր նմուշի նախագծման աշխատանքները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, հայտնել է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Տիխոմիրովի անվան գիտահետազոտական ինստիտուտի գլխվոր տնօրեն Յուրի Բելիին։
Նա մասնավորապես նշել է, որ «Ալմազ-Անթեյը» ինստիտուտի առաջ դրել է խնդիր՝ սկսել «Բուկ»-ի ընտանիքի «նոր անդամի» նախագծման աշխատանքները՝ հասցնելով դրանք այն մակարդակի, որ հնարավոր լինի ներկայացնել ՌԴ ՊՆ-ին՝ որպես առաջարկ։
Գործակալությունը նշում է՝ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Բուկ Մ3» զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ) կարող է ռուսաստանյան բանակի սպառազինությունում ընդունվել արդեն այս տարվա աշնանը, սակայն, ինչպես պարզ է դառնում հիմա, նոր համալիրը, նախքան սպառազինության ընդունումը, դեռ մի շարք փուլեր ունի անցնելու։
Նշենք, որ «Բուկ» ԶՀՀ-ի` ներկայումս շահագործվող նորագույն մոդիֆիկացիան «Մ2-ն» է։ Դրա նախագծման աշխատանքներն ավարտվել են դեռևս 1988-ին, սակայն Խորհրդային Միության փլուզումն արգելակեց սերիական արտադրությունը մեկուկես տասնամյակով։ «Բուկ Մ2»-ի սերիական արտադրությունը մեկնարկել է միայն 2003-ին։
Հավելենք, որ հակաօդային պաշտպանության «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, կախված մոդիֆիկացիայից, օդային թիրախները կարող է խոցել 14-ից 18 կմ բարձրության վրա։