Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 երկու կործանիչ հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին երկրի հարավային Շըրնաք նահանգում։ Ըստ թուրքական աղբյուրի՝ հարվածները շարքից հանել են քուրդ զինյալների 2 միավոր ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր։ Այս մասին օգոստոսի 11-ին հայտնել է երկրի ԶՈւ ԳՇ կայքը։
Նշենք, որ վերջին 20 օրերին եղել են թուրք-քրդական մի շարք բախումներ, որոնց արդյունքում սպանվել և վիրավորվել են բազմաթիվ զինծառայողներ ու քուրդ մարտիկներ։ Շարունակվում են նաև քրդերի ձերբակալություններն ամբողջ երկրով։
Այս անգամ թուրք-քրդական հարաբերությունների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչություն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։ Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին։
PKK-ի հետ թուրքական կառավարական ուժերի բախումները՝ սկսած այս թվականի հուլիսի 23-ից, ներկայացված են ժամանակագրությամբ։