Վրաստանի հայաբնակ Ախալքալաքում բացվել է նախնական մարտական պատրաստության կենտրոն

Օգոստոսի 10-ին Վրաստանի հայաբնակ Ախալքալաքում բացվել է զինված ուժերի նախնական մարտական պատրաստության կենտրոն, որի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականից։ Կենտրոնի վայրում մինչև 2007 թվականը տեղակայված է եղել ռուսաստանյան ռազմաբազան։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի զինված ուժերի նախնական մարտական պատրաստության կենտրոնն Ախալքալաքում

Վրաստանի զինված ուժերի նախնական մարտական պատրաստության կենտրոնն Ախալքալաքում

Կենտրոնի բացման օրն այն անվանակոչել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհված վրաստանցի զինծառայող Զազա Պերաձեի անունով։ Վերջինս մարտի ժամանակ փրկել է 3 զինծառայողի, 4-րդին փրկելու ժամանակ զոհվել է։  Ավագ սերժանտ Պերաձեն կռվել է Աբխազիայում, մասնակցել է Իրաքում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունների։

Կենտրոնի բացման միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, նրա տեղակալներ Աննա Դոլիձեն և Դավիթ Էմբրալիձեն, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։

«Կարծում եմ, որ Ախալքալաքը Վրաստանի զինված ուժերի համար աշխարհագրորեն կարևոր կետ է։ Հետագայում կենտրոնն ամբողջական կլինի և կկարողանա տարբեր ծրագրեր իրականացնել»,— հայտնել է Խիդաշելին։

Միջոցառմանը մասնակցել են նաև Սամցխե-Ջավախքի ղեկավար Ակակի Մաչուտաձեն, Ախալքալաքի շրջանային խորհրդի նախագահ Համլետ Մովսիսյանը, Նինոծմինդայի շրջանի ղեկավար Գագիկ Կասրելյանը և այլք։

Կենտրոնի ղեկավարությունը ներկաներին ներկայացրել է կենտրոնը, ծանոթացրել ուսումնական պլանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը հետևել է կենտրոնի ճաշարանի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին։

Թինա Խիդաշելին և Վախթանգ Կապանաձեն ծանոթանում են իրականացվող աշխատանքներին

Թինա Խիդաշելին և Վախթանգ Կապանաձեն ծանոթանում են իրականացվող աշխատանքներին

Տեղեկացնենք, որ 2014թ. օգոստոսի 14-ին Վրաստանի այն ժամանակ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և ԶՈւ ԳՇ պետ , գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն մասնակցել էին կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։
Ալասանիան այն ժամանակ հայտարարել էր, որ բոլոր զինծառայողները, այդ թվում նաև ժամկետայինները՝ նախնական մարտական պատրաստությունն անցնելու են հենց այդտեղ։

Կառուցման աշխատանքներն իրականացվում են 2 փուլով՝ առաջին փուլն ավարտվելու է 2015 թվականի վերջին։ Այն ընթացքում կառուցվել են շտաբը, զորանոցները, իսկ ճաշարանը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին։ Երկրորդ փուլն ավարտվելու է 2019 թվականին, որի ընթացքում էլ կառուցվելու են սպորտային կոմպլեքսը, սերժանտների և սպաների համար հանրակացարանները, մանկական խաղահրապարակը և այլ կառույցներ։

One response to “Վրաստանի հայաբնակ Ախալքալաքում բացվել է նախնական մարտական պատրաստության կենտրոն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *