Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարաններից մեկում դեռևս օգոստոսի 6-ին գրանցվել է խոշոր հրդեհ, սակայն միջադեպի մասին տեղեկությունը և դրա մանրամասները փորձել են պահել գաղտնի։ Ինչպես այսօր՝ օգոստոսի 11-ին, հայտնում է ադրբեջանական Minval.az լրատվակայքը, միջադեպը գրանցվել է պաշտպանական արդյունաբերության նախարարության (ՊԱՆ) «Իգլիմ» գիտաարտադրական ձեռնարկության կազմի մեջ մտնող գործարանում, որը տեղակայված է Բաքվից ոչ հեռու՝ Խազարի շրջանում։
Վթարից հետո գործարանի տարածք է ժամանել հրշեջ մեքենաների շուրջ 20 հաշվարկ, որոնց հաջողվել է մարել հրդեհը մեկուկես օր անց։ Դեպքի վայր են ժամանել նաև պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, նրա տեղակալները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալները։
Հրապարակման մեջ նշվում է, որ լրագրողներին թույլ չեն տվել մտնել գործարանի տարածք, քնաի որ այն աշխատում է փակ ռեժիմում։ Հրդեհի հետևանքով մահացածների և վիրավորների մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան:
Տեղեկությունը հայտնած կայքը նշում է նաև, որ հավելյալ մանրամասների համար փորձել են կապվել ինչպես ՊԱՆ-ի, այնպես էլ «Իգլիմ» ձեռնարկության հետ։ Նախարարությունում հեռախոսազանգերին չեն պատասխանել, իսկ ձեռնարկությունում հաստատել են հրդեհի փաստը՝ նշելով, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան։
Նշենք, որ պաշտպանական արդյունաբերության նախարարության «Իգլիմ» գիտաարտադրական ձեռնարկության գործարաններում արտադրվում են ինչպես ավիացիոն պահեստամասեր, այնպես էլ հրազենի ու հրետանային միջոցների մի շարք նմուշներ և դրանց համար անհրաժեշտ զինամթերք։ Այս ձեռնարկության արտադրամասերում են հավաքում նաև խոշոր տրամաչափի «Իսթիգլալ» դիպուկահար հրացանը։
Նշենք, սակայն, որ այս պահի դրությամբ, դժվար է ստույգ նշել, թե կոնկրետ որ արտադրամասում է բռնկվել հրդեհը։
Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսի 6-ին՝ կեսօրին, Շիրվան քաղաքում տեղակայված «Տելեմեխանիկա» ռազմական արդյունաբերական գործարանում գրանցվեց վթար, ինչի հետևանքով գործարանի աշխատակիցներից մեկը մահացավ տեղում, մյուս երկուսը՝ ավելի ուշ՝ այրվածքաբանության հանրապետական կենտրոնում։
«Տելեմեխանիկա» գործարանը զբաղվում է խոշոր տրամաչափի փամփուշտների արտադրությամբ։ Վթարի պաշտոնական վարկածը էլեկտրասնուցման համակարգում գրանցված կարճ միացումն է, որը հանգեցրել է հրդեհի։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info