«Նուսրայի ճակատի» զինյալները լքում են Հալեպը՝ խուսափելով թուրք-ամերիկյան ուժերի հետ բախումից

Ալ-Քաիդայի՝ Սիրիայում գործող «Նուսրայի ճակատ» խմբավորումն օգոստոսի 9-ին հայտարարել է, որ իրենք թուրք-ամերիկյան նոր ռազմական գործողությունից խոսափելու համար լքում են Սիրիայի հյուսիսը՝ պայքարը թողնելով մյուս ապստամբ խմբերին։ Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական  գործակալությունը:

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Նուսրայի ճակատը» քննադատել է թուրք-ամերիկյան նոր ռազմաօդային գործողությունը՝ նշելով, որ այն ավելի շատ նպատակաուղղված է Թուրքիայի անվտանգության ապահովանը, քան «Իսլամական պետության» զինյալներից ազատ տարածք ստեղծելուն։

«Նուսրայի ճակատի» զինյալները հայտարարել են, որ ահաբեկիչների դեմ պայքարելու փոխարեն Թուրքիան քայլեր է ձեռնարկում քրդերի դեմ, որոնք, ստեղծված իրավիճակից օգտվելով, փորձում են պետություն ստեղծել:

«Նուսրայի ճակատը», որը միաժամանակ կռվում է Ասադի կառավարական ուժերի և վերջիններիս դեմ պայքարող այլ ապստամբական զինյալ խմբերի, ինչպես նաև ԻՊ դեմ, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում իրենք ստիպված են լքել Հալեպն ու ԻՊ դեմ կռվել այլ ճակատներում, այդ թվում՝ Համա նահանգում ու Լիբանանի սահմանին գտնվող Քալամուն լեռան շրջակայքում։

Հիշեցնենք, որ «Նուսրայի ճակատը», չնայած ԻՊ հետ ունեցած սուր թշնակամական հարաբերություններին, մի շաբաթ առաջ լուրջ պարտության էր մատնել վերջիններիս դեմ կռվելու համար ամերիկյան մարզումներ անցած ապստամբների առաջին խմբին։ «Նուսրայի ճակատի» զինյալներն այդ մարզումների մասնակիցներին համարում են ամերիկյան լրտեսներ։

Անդրադառնալով  թուրք-ամերիկյան նոր ռազմական գործողությանը՝ հավելենք, որ օգոստոսի 5-ին հարցազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ իրենք ամերիկյան կողմի հետ նախատեսում են նոր մասշտաբային գործողություն սկսել «Իսլամական պետության» դեմ, ինչի համար ԱՄՆ-ն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա է տեղափոխել մարտական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Այս գործողության շրջանակներում օգոստոսի 9-ին Թուրքիայի հարավային «Ինջիրլիք» ռազմաբազա են ժամանել նաև ամերիկյան ռազմաօդային ուժերի 6 միավոր F-16 կործանիչ։

Մինչ այդ էլ օգոստոսի 4-ին ամերիկյան զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը, օդ բարձրանալով Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից, առաջին անգամ հարվածներ է հասցրել Հյուսիսային Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *