Թուրքիան կարդիականացնի իր F-16 կործանիչները

Թուրքիայի ռազմական ղեկավարությունը որոշել է արդիականացնել երկրի զինված ուժերի 25 միավոր F-16 Block 30 կործանիչները՝ դրանց շահագործման ժամկետի երկարացման համար: Այս մասին Defense News կայքին տեղեկացրել է սեփական աղբյուրը:

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ՝ տեղակայված Քոնիայի 3-րդ ավիաբազայում

F-16 Block 30 կործանիչները Թուրքիային փոխանցվել են դեռևս 1988-1990 թվականներին և լրատվակայքի փոխանցմամբ՝ դրանք թուրքական օդուժի ամենահնացած տարբերակի F-16 կործանիչներն են: Դրանց արդիականացումը թույլ կտա լրացնել օդուժի մարտունակությունը, մինչև որ թուրքական կողմը կստանա նորագույն F-35 կործանիչներ կամ կստեղծի սեփական կործանիչը:

Այս տարբերակի F-16 կործանիչների մեծ մասն արդեն ավարտում են իրենց 8000-ական թռիչքային ժամերը Թուրքիայի օդուժում և կարիք ունեն արդիականացման: Արդիականացման ծրագիրը մշակելու են թուրքական տեղական TUSAŞ (TAI) ընկերության հետ:

Նշենք, որ F-35 կործանիչներից թուրքական կողմը պատվիրել է 2 միավոր, և մտադիր է պատվիրել ևս 100 միավոր: Նախատեսվում է, որ թուրքական օդուժն այս ինքնաթիռների առաջին երկու միավորը կստանա 2018-ին:

Ինչ վերաբերում է սեփական կործանիչի ստեղծմանը, ապա այս ինքնաթիռի ստեղծման մասին որևէ հստակ տեղեկություն հայտնի չէ, բացի տարբեր պաշտոնյաների հայտարարություններից այն մասին, թե Թուրքիան նախատեսում է 2023-ին տեղական արտադրության կործանիչի առաջին թռիչքը կատարել:

Ավելացնենք, որ F-16 Fighting Falcon կործանիչն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ F-16-ը շահագործվում է 1978-ից և առկա է աշխարհի շուրջ 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Այն կարող է զարգացնել մինչև 2 120 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 240 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 11 կետ՝ տարբեր նշանակության հրթիռների և ռումբերի համար։

Թուրքիայի զինված ուժերը, պաշտոնական տվյալներով, ձեռք են բերել 196 միավոր F-16C և 44 միավոր F-16D կործանիչ, որոնք շահագործվում են Թուրքիայում 1987 թվականից։ Շահագործման ընթացքում Թուրքիան կորցրել է դրանցից ավելի քան 30 հատը:

Կործանիչներն օգտագործվում են ինչպես PKK-ի դիրքերին հարվածելու համար, այնպես էլ Էգեյան ծովում թուրք-հունական օդային առճակատումներում:

One response to “Թուրքիան կարդիականացնի իր F-16 կործանիչները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *