Զինված ուժերի ուղղաթիռների, ինքնաթիռների և այլ սպառազինության արդիականացման ու վերականգնման, անձնակազմի համալրման համար Գերմանիայի իշխանություններն առաջիկա 7-8 տարում նախատեսում են ծախսել 6 միլիարդ եվրո (6,5 միլիարդ դոլար): Այս մասին ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը հայտնել է Գերմանիայի իշխանությունների անանուն աղբյուրը:
Նշվում է, որ զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու համար երկրի ռազմական ղեկավարությունը մոտ 120 ծրագիր է մշակել:
Այս կապակցությամբ գերմանական Spiegel պարբերականը, որին հղում է անում ֆրանսիական գործակալությունը, ներկայացրել է գերմանական բանակի բազմաթիվ թերություններ, որոնց մեջ նաև Eurofighter կործանիչների և NH90 ուղղաթիռների անգործունակությունը: Մասնավորապես նշվում է, որ երկրի զինված ուժերի ունեցած 39 նմանատիպ ուղղաթիռներից միայն 4-ն է կարողանում թռչել ներկայում:
Գերմանական բանակի այս խնդիրների մասին դեռ 2014-ի սեպտեմբերին բարձրաձայնել է երկրի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը (Ursula von der Leyen), ով հայտարարել է, որ բանակի վիճակը բավարար չէ ՆԱՏՕ-ի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու համար: Գերմանիայի ՊՆ զեկույցներում պարբերաբար նշվում էր, որ բանակի լուրջ խնդիրների թվում են ռազմական տեխնիկայի շահագործման ժամկետների սպառումը, ինչի հետևանքով դրանք դուրս են գալիս շարքից, իսկ նոր մատակարարումների ծավալները բավարար չեն համաչափ փոխարինումն իրականացնելու համար։
Զեկույցներից հայտնի է, որ սպառազինությունում առկա 89 միավոր Tornado կործանիչներից թռիչքներ կարող է կատարել միայն 38-ը, 56 միավոր Transall բեռնատար ինքնաթիռներից՝ 24-ը: 83 միավոր CH-53 բեռանատար ուղղաթիռներից ուսուցման ու շահագործման համար պիտանի են 16-ը, 109 միավոր Eurofighter կործանիչներից՝ միայն 42-ը:
Նույն իրավիճակն է նաև գերմանական զինված ուժերի մյուս զորատեսակներում։ Սպառազինությունում առկա U212 տեսակի 4 սուզանավերից շահագործման ենթակա է միայն մեկը, 11 ֆրեգատներից՝ 7-ը, 180 Boxer զրահափոխադրիչներից՝ 90-ը, իսկ 406 միավոր Marder հետևակի մարտական մեքենաներից՝ 280 միավորը:
2014-ի հոկտեմբերին էլ KPMG միջազգային խորհրդատվական ընկերության՝ Գերմանիայի զինված ուժերի խնդիրների մասին զեկույցից հայտնի է դարձել, որ զինված ուժերում առկա խնդիրների հիմնական պատճառը ոչ թե ֆինանսների բացակայությունն է, այլ տրամադրվող գումարների անարդյունավետ օգտագործումը:
Պետք է նշել, որ սպառազինության շահագործման ժամկետների ավարտի, նոր սպառազինության ուշացման, մատակարարումների թերությունների հետ մեկտեղ խնդիր է նաև զինված ուժերի անձնակազմի համալրումը: ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան 3-4 տարի առաջ հրաժարվել է ժամկետային պարտադիր զինծառայությունից՝ անցնելով համալրման պայմանագրային սկզբունքին: Սա իր հետ բերել է նոր բեռ՝ ի դեմս ֆինանսական ծախսերի կտրուկ աճի։