Կապ ունի՞ արդյոք Գեղամ Հարությունյանը գոմեշի մսի սկանդալի հետ

Շուրջ երկու ամիս է հայկական լրատվամիջոցները հրապարակում են այսպես կոչված «Բանակում անարդարություններին ՈՉ» նախաձեռնության պարբերաբար տարածվող հաղորդագրությունները, որտեղ խոսվում է 2011թ. ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինվորներին տրված գոմեշի մսի և պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի` դեպքը կոծկելու և նախարարին չզեկուցելու մասին։

Չնայած, որ «նախաձեռնության» առաջին նամակն ընդհանրապես անանուն էր, լրատվամիջոցներն այն հրապարակել էին՝ առանց փորձելու ճշտել հեղինակի կամ հեղինակների ինքնությունը։ Ու թեպետ հետագա նամակների տակ ստորագրություններ հայտնվեցին, սակայն միևնույն է պարզ չէր, թե արդյոք այդ մարդիկ ընդհանրապես գոյություն ունեն, քանի որ իրենց հետ կապվելու որևէ հնարավորություն չկար։

Նամակները հրապարակելուց հետո ԶԼՄ-ները կապվել են տարբեր պաշտոնյաների հետ, և փորձել պարզաբանումներ ստանալ. մասնավորապես, խոսել են Գեղամ Հարությունյանի և ՊՆ քննչական ծառայության հանրության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանի հետ։ Նրանք ներկայացրել են դեպքի վերաբերյալ որոշ տեղեկություններ։ Asekose.am կայքի հարցին պատասխանելով` Գեղամ Հարությունյանը պնդել է, որ ստորագրություններն իրական չեն։

Հուլիսի 18-ին նույն նախաձեռնությունը տարածեց նոր հաղորդագրություն, որը, կրկին առանց որևէ քննության հրապարակեցին մի շարք լրատվամիջոցներ։ Այնտեղ կոչ էր արվում բոյկոտել ՊՆ առընթեր հասարակական նոր խորհրդի ձևավորման գործընթացը, քանի որ Գեղամ Հարությունյանը «կոռումպացված է և անցնում է քրեական գործով»։

Ռազմինֆոյի լրագրողը կապվեց ՊՆ քննչական ծառայության հանրության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանի հետ, ով ասաց, որ դեպքի առնչությամբ հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը)։ Մերի Սարգսյանը նաև հայտնեց, որ քրեական գործը չի հարուցվել Գեղամ Հարությունյանի դեմ և առայժմ մեղադրյալներ չկան։

Հպանցիկ նշենք, որ այս նախաձեռնության անունը կրող ֆեյսբուքյան պրոֆիլը գրանցվել է ապրիլին և այնտեղ տեղադրված գրեթե բոլոր նյութերում շեշտվում է Գեղամ Հարությունյանի անունը և գոմեշի մսի պատմությունը, թեպետ առ այսօր բացի այս՝ սովետական տարիների «անոնիմկաների» ավանդույթներով գրված նամակներից հրապարակված չէ որևէ փաստ, որ կապացուցեր Գ. Հարությունյանի և այս դեպքի կապը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *