Օգոստոսի 10-ին Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, գեներալ-մայոր (երկաստղանի գեներալ, թուրքերեն՝ tümgeneral) Հասան Նևզաթ Թաշդելերը հրաժեշտի այցով եղել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունում, որտեղ նրան ընդունել է ծառայության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։

Ձախից՝ Թուրքիայի ռազմական կցորդ Հասան Նևզաթ Թաշդելերը՝ սահմանապահ պետական ծառայության պետ Էլչին Գուլիևին հյուրընկալվելիս
Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտնել է սահմանապահ պետծառայության մամուլի կենտրոնը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Էլչին Գուլիևը շնորհակալություն է հայտնել իր առաքելությունն Ադրբեջանում ավարտող կցորդին, ով միևնույն ժամանակ, ի պաշտոնե թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության կոորդինացման խմբի ղեկավարն է։
Հանդիպման ընթացքում գեներալ-գնդապետ Գուլիևը շնորհակալություն է հայտնել թուրք գեներալին՝ Ադրբեջանի սահմանների պաշտպանության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։ Հյուրը պարգևատրվել է նաև սահմանապահ ծառայության հուշամեդալով։
Նշենք, որ օգոստոսի 6-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի ծառայույունը հայտնել էր՝ ռազմական կցորդ Հասան Նևզաթ Թաշդելերը ստանալով գեներալ-մայորի զինվորական կոչում՝ նշանակվել է Թուրքիայի ռազմական ակադեմիաների հրամանատարության շտաբի պետ։ Նա իր հետագա ծառայությունը շարունակելու է Ստամբուլում։
Նշենք նաև, որ ռազմական կցորդի պաշտոնում Թաշդելերին փոխարինելու է բրիգադի գեներալ Իհսան Բաշբոզքուրթը, ով ներկայումս Ուրֆայում տեղակայված բրգիադներից մեկի հրամանատարն է։ Հայտնի է նաև, որ նա ծնունդով Կարսից է և տիրապետում է ադրբեջաներենին։ Ակնկալվում է, որ նորանշանակ կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի առաջիկա շաբաթներին։