Այսօր՝ օգոստոսի 10-ի առավոտյան, Թուրքիայի հարավային Շըրնաք նահանգում հեռակառավարվող ռումբի պայթյունից զոհվել է 4 ոստիկան, ևս 1-ը ծանր վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։
Ահաբեկչական հարձակման մեղավորներին հայտնաբերելու համար ձեռնարկվել է լայնամասշտաբ գործողություն։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքի փոխանցմամբ՝ մեկ այլ հարձակում եղել է այսօր՝ առավոտյան 7։05-ին, Շըրնաքի Բեյթույշշեբափ (Beytüşşebap) գավառի մոտակայքում:
«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են ռազմական մի ուղղաթիռի վրա (թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սիկորսկի» ընկերության արտադրության), որը զինվորական անձնակազմ ու հրթիռային կայաններ էր փոխադրում Բեյթույշշեբափ։ Արդյունքում սպանվել է ժանդարմերիայի նախկին աշխատակիցներից մեկը, ով վերջերս էր ավարտել իր ծառայությունը։
Նույն լրատվական գործակալությունը նաև հայտնում է, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է առնվազն 7 զինծառայող, և հավելում, որ հարձակմանն ի պատասխան Թուրքիայի ՌՕՈւ-ն «Կոբրա» ուղղաթիռներով ռմբակոծել է տարածքը։