Կազանում այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել Թաթարստանի հոգևոր առաջնորդ Իլդուս Ֆայզովի նկատմամբ. պայթեցվել է նրա ծառայողական մեքենան: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ Ֆայզովը վիրավորվել է:
Հոգևոր առաջնորդի վիրավորման մասին ավելի ուշ հայտնել է նաև հոգևոր առաջնորդի աշխատակազմի ղեկավար Ռիշատ Համիդուլը: ՆԳՆ տվյալներով՝ կան զոհեր:
Նշենք, որ այս դեպքից ընդամենը ժամեր առաջ սեփական տան մուտքի մոտ մարդասպանը սպանել էր հոգևոր առաջնորդի տեղակալ Վալիուլ Յակուպովին: Հանցագործը զոհի վրա կրակ է բացել, երբ վարորդը սպասում էր մեքենայում: Յակուպովը կարողացել է հասնել մեքենային, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 պարկուճ:
Պրիվոլժեի Տարածաշրջանային և էթնոկրոնական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռաիս Սուլեյմանովը հայտարարել է, որ Վալիուլ Յակուպովի սպանությունը ուղղակիորեն կապ ունի նրա մասնագիտական գործունեության հետ:
-Նա ավանդական իսլամի վառ ներկայացուցիչ էր և բազմիցս է ենթարկվել ռադիկալ մուսուլմանների հարվածներին, որոնց թիվը Թաթարստանում վերջին տարիներին զգալիորեն աճել է,-հավաստիացնում է Սուլեյմանովը: