Ահաբեկիչները Ստամբուլում ոստիկանատուն են պայթեցրել, կան զոհեր, վիրավորներ

Օգոստոսի լույս 10-ի գիշերը երկու ահաբեկիչ պայթուցիկներով բեռնված մեքենայով հարձակվել են Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասի ոստիկանատան վրա. պայթյունի ու դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ 3 ոստիկան, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում։

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սուլթանբեյլի թաղամասի ոստիկանատունը՝ օգոստոսի 10-ին ահաբեկիչների հարձակումից հետո

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սուլթանբեյլի թաղամասի ոստիկանատունը՝ օգոստոսի 10-ին ահաբեկիչների հարձակումից հետո

Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկիչներն անվտանգության ուժերի ուղղությամբ նաև կրակն են բացել, ու փոխհրաձգության ժամանակ 2-ն էլ սպանվել են։ Այժմ ոստիկանությունը փորձում է ճշտել վերջիններիս ինքնությունը։

Բոլոր վիրավորները հոսպիտալացված են։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների սրման պատճառը հուլիսի 20-ին Սուրուչում քրդերի դեմ ահաբեկչություն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին ԻՊ զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները, իսկ հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Իրաքում հարվածներ հասցրել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին։

Թուրքական «Հաբեր թյուրք» հեռուստաալիքը հայտնում է, որ այս գործողության կազմակերպման համար ևս մեղադրվում են PKK-ի զինյալները։

Ժամանակագրության մեջ ներկայացված են PKK-ի հետ թուրքական կառավարական ուժերի բախումները՝ սկսած այս թվականի հուլիսի 23-ից։

Հավելենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *