Տաջիկստանի ՌԴ ԶՈւ ռազմաբազան հակաահաբեկչական զորավարժություն է անցկացրել

Տաջիկստանի ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի զինծառայողները երկրի մայրաքաղաք Դուշանբեից հյուսիս ընկած Գիսար վայրում զորավարժություն են անցկացրել՝ ահաբեկիչական խմբին չեզոքացնելու սցենարով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

Զորավարժությանը մասնակցել է ռազմաբազայի մոտոհրաձգայի ստորաբաժանումների շուրջ 600 զինծառայող և մոտ 100 միավոր զինտեխնիկա, իսկ օդից զորավարժության մասնակիցներին օգնել են Մի-8 և Մի-24 ուղղաթիռները:

Վարժանքների ընթացքում մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումները ահաբեկչական խմբի հայտնաբերման, չեզոքացման և ոչնչացման գործողություններ: Նրանց հետ էլ ուղղաթիռային ստորաբաժանումները սովորել են ավիահարվածներ հասցնել ահաբեկիչներին, դեսանտ իջեցնել՝ փախչող ահաբեկիչներին ձերբակալելու համար:

Ավելացնենք, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչի հետ կապված կա մտահոգություն, որ հարավից՝ Աֆղանստանից, այդ երկիր կարող են ներխուժել ինչպես «Թալիբանի», այնպես էլ «Իսլամական պետության» զինյալները:

Դրանով պայմանավորված՝ հենց Տաջիկստանում այս տարվա մայիսին անցկացվեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան 201-րդ ռազմաբազային, այն ստեղծվել է Ռուսաստանի  և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանգրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ 2012-ի բանակցություններից հետո երկու պետությունները ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմաբազան Տաջիկստանում կշարունակի մնալ մինչև 2042 թվականը։ Ռազմաբազայում ծառայում է ՌԴ զինված ուժերի շուրջ 7,5 հազար զինծառայող։

Քարտեզում նշված է զորավարժության վայրը, երևում է նաև Տաջիկստան-Աֆղանստան սահմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *