Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է սահմանային վերջին միջադեպը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում՝ չեզոք գոտում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլու դիակի հայտնաբերման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը:
«Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանքն է: Եվ փաստը, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է մեր դիրքապահների հսկողության գոտում, վկայում է հենց այդ մասին: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ ադրբեջանական զինվորական ղեկավարության, կամ, ինչու չէ, անհատ զինծառայողի ձեռնակած այս սադրանքը ևս ձախողվել է: Սահմանախախտը մեր դիրքապահների կողմից հայտնաբերվել և թիրախավորվել է:
Ըստ երևույթի, վերջինս վիրավորվել է հայ դիրքապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում, և փորձել է նահանջել սեփական դիրքեր, սակայն չի կարողացել դուրս գալ չեզոք գոտուց: Ամեն դեպքում այս միջադեպի պատասխանատվությունն ամբողջովին կրում է հարևան երկրի ռազմական գերատեսչությունը»,- ասել է մամլո քարտուղարը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հերքել էր հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *