Վրաստանի պաշտպանության նախարարը դժգոհ է «Դելտայի» աշխատանքից

«Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին պահանջում է «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնում նշանակել դիտորդների խորհուրդ։ Նախարարը սրա կապակցությամբ բանակցում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ»։Այս մասին օգոստոսի 4-ին հայտնել է վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունն իր լրատվական թողարակման ժամանակ։

Վրաստանի վարչապետը և պաշտպանության նախարարը «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնում

Վրաստանի վարչապետը և պաշտպանության նախարարը «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնում

Տեսանյութում նշվում է, որ Խիդաշելին «Դելտայի» նկատմամբ հավակնություններ ունի, այդ թվում՝ ֆինանսավորման առումով ևս, որը կենտրոնը ստանում է պետբյուջեից։

«Պարզ է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Մենք վարաչապետի հետ այս թեմայի քննարկումը սկսել ենք և պատրաստվում ենք արագ կարգավորել այն։ «Դելտայում» անպատշաճ ուշացումներ են լինում, արտադրանքը տամադրվում է ոչ ճիշտ ժամկետում, բացի այդ, կենտրոնն ինչ-որ անհասկանալի կապեր ունի մասնավոր ընկերությունների հետ։ Իմ կարծիքով կենտրոնը, ինչպես և պետական պարենավորման ընկերությունը, պետք է կենտրոնացած լինեն շահույթի վրա։ Այդ իսկ պատճառով անհասկանալի է պետբյուջեից 100 տոկոս ֆինանսավորվելը»,— մասնավորեցրել է Խիդաշելին «Ռուսթավի-2-ի» հետ զրույցում։

Պաշտպանության նախարարը նաև դժգոհություն է հայտնել «Դելտայի» արտադրած «Դիդգորի» զրահամեքենաների վերաբերյալ, որը կենտրոնը մեկ անգամ չէ, որ փորձել է վաճառել։

«Դիդգորին» ընդհանրապես անհասկանալի արտադրանք է, որն իմիջայլոց ֆունկցիոնալ չէ։ Դա կարող ենք օգտագործել Վրաստանի զինված ուժերում, բայց անհրաժեշտ է ծախսել այնքան գումար, որքան ծախսվել է դրա արտադրման ժամանակ»,— դժգոհել է Խիդաշելին։

«Ռուսթավի-2»-ի տեսանյութում հաղորդվում է նաև, որ «Դելտա»-ն անպատասխան է թողել Խիդաշելիի խոսքերը, իսկ իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», գոհ է կենտրոնի աշխատանքից, չնայած ողջունում է նաև Խիդաշելիի նախաձեռնությունը դիտորդների խորհուրդ ստեղծելու առումով։
Իր հերթին խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին նույն տեսանյութում նշում է, որ «կենտրոնի ֆինանասավորումը պետբյուջեից կարևոր է նրա համար, որ այն ծառայի պետության կարիքների և պահանջների համար»։

Իսկ ահա այժմ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին նշել է, որ «Փոխանակ կենտրոնի և դրա նախագծերի թարմացմանը, Խիդաշելին խոսում է դրա ֆինանսավորումն ընդհանրապես դադարեցնելու մասին»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ին, ենթադրաբար «Դիդգորի» զրահամեքենայի արտադրողներից մեկը՝ Զվիադ Ցիկոլիան, իր ֆեյսբուքյան էջոմ հայտնել էր, որ Վրաստանն արտասահման է արտահանել 10 միավոր «Դիդգորի» զրահամեքենա և ևս 2 միավոր սանիտարական մեքենա, որը ստեղծվել է «Դիդգորիի» հիման վրա։
Նշենք, որ այս տեղեկությունը հաստատող այլ աղբյուր դեռևս չկա։

Հավելենք նաև, որ «Դիդգորիներն» օգտագործվում են Վրաստանում նաև հակակարկտային կայանների արձակման կայանների համար։

«Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը ստեղծվել է 1993 թվականին՝ ՊՆ ենթակայության տակ՝ երկրի ուժային կառույցների համար անհրաժեշտ արտադրանք տալու համար։
«Դելտան» արտադրում է զրահապատ մեքենաներ, ԱԹՍ-ներ, ականանետեր, ինչպես նաև արդիականացնում և մոդիֆիկացնում է զինտեխնիկա։ 2014-ի մարտի 10-ին Վրաստանի կառավարության որոշմամբ «Դելտա» գիտահետազոտական կենտրոնը պաշտպանության նախարարությունից անցել էր էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։ Իսկ 2015 թ. ապրիլի 8-ից այն դարձյալ ՊՆ ենթակայության տակ է։

One response to “Վրաստանի պաշտպանության նախարարը դժգոհ է «Դելտայի» աշխատանքից

  1. Pingback: Վրաստանը 2015 թվականին Ադրբեջանին է վաճառել ականանետներ, նռնականետներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *