Օգոստոսի 3- ին և 4-ին Թուրքիայում «Բարձրագույն զինվորական խորհրդի» նիստում երկրի վարչապետի գլխավորությամբ փոփոխվել են ԶՈւ գլխավոր շտաբի պետը և զորատեսակների հրամանատարներն ու ժանդարմերիայի պետը։ Այս մասին հայտնում է թուրքական «Դեյլի Սաբահ» լրատվական կայքը։
Ըստ կայքի՝ ԶՈւ ԳՇ ներկայիս պետի՝ բանակի գեներալ Նեջդեթ Օզելի փոխարեն գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։ Վերջինս պետք է պաշտոնավարի մինչև 2019 թվականի օգոստոսը։ Իսկ ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում նշանակվել է Սալիհ Զեքի Չոլաքը։
Ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքն ընտրվել է «Բարձրագույն զինվորական խորհրդի» անդամ և իր պաշտոնում նշանակվել է հարձակողական ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության պետ, բանակի գեներալ Աբիդին Ունալը։
Թուրքական պարբերականը գրում է նաև, որ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Յաշար Գյուլերը շարունակելու է իր ծառայությունը որպես գեներալ՝ դառնալով ուժեղ թեկնածու Աքարից հետո ԳՇ պետի պաշտոնի համար։
Հայտնի է նաև, որ Էգեյան զորաբանակի հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին ժանդարմերիայի պետի պաշտոնում փոխարինել է բանակի գեներալ Աբդուլլահ Աթային։ Իսկ էգեյան զորաբանակի հրամանատար է նշանակվել 3-րդ բանակի հրամանատար Ումիթ Դունդարը ։
Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուի պաշտոնավարման ժամկետը 1 տարով երկարաձգվել է։ Նավատորմի հրամանատարի պաշտոնում է մնացել փոխծովակալ Վեյսել Քյոսելեն՝ փոխծովակալից դառնալով ծովակալ։
Վերոնշյալ զինվորականները կպաշտոնավարեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջնական հաստատումից հետո։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info