Մարտերում տապալվել է ԱՄՆ-ի մարզումներն անցած սիրիացի «ապստամբների» առաջին խումբը

ԱՄՆ-ի մարզումների ծրագիրն ավարտած և Սիրիայում հուլիսի 12-ից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի մեջ մտած առաջին 54 զինյալները  հուլիսի 31-ին տապալվել են «Ալ Քաիդայի»՝ Սիրիայում գործող մասնաճյուղ «Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման  զինյալների հետ բախման ժամանակ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» լրատվական կայքը:

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման  զինյալներ

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթ «Նուսրայի ճակատի» զինյալներին Հալեպի հյուսիսում հաջողվել է գերեվարել խմբի ղեկավարին և 17 անդամների: Այս միջադեպին հաջորդել է հուլիսի 31-ի հարձակումը, որի ժամանակ մարզումներ անցած ապստամբներից 5-ը գերի են ընկել, այնուհետև՝ սպանվել:

«Նուսրայի ճակատի» հետ նախորդ շաբաթ բախվել են նաև ապստամբների մեկ այլ խմբի՝ «Ջայիշ ալ-Թուբարի» զինյալները: Արդյունքում Սիրիայի հյուսիսարևմտյան Ազազ փոքր քաղաքում զոհվել են այս տարվա սկզբին կազմավորված «Ջայիշ ալ-Թուբարի» 4 զինյալ և «Նուսրայի ճակատի» առնվազն 8 ահաբեկիչ:

Այս իրադարձություններին հաջորդել է ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարութունն այն մասին, որ իրենց ծրագրի շրջանակներում մարզված ապստամբների անվտանգությունն ապահովելու համար իրենք որոշել են թույլատրել ավիահարվածներ հասցնել բոլոր սպառնացողներին, այդ թվում նաև Ասադի կառավարական ուժերին, եթե հարկ լինի:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվելու համար Թուրքիայում, Հորդանանում և Քաթարում  ԱՄՆ-ի ծրագրի շրջանակներում մարզումներ անցած սիրիացի ապստամբների առաջին, 54 հոգանոց խումբը համալրել էր «Սիրիայի ազատ բանակ խմբավորման» «30-րդ դիվիզիա» խմբի շարքերը:

Հատկանշական է, որ այս մարզումների վրա, ըստ ամերիկյան Daily beast լրատվական կայքի, ԱՄՆ-ն արդեն ծախսել է 36 մլն ամերիկյան դոլար, յուրաքանչյուր մարզում անցած զինյալի համար 600՝ հազար ամերիկյան դոլար: Միջին զինյալը մեկ ամսում ստանում է 200-400 դոլար՝ կախված իր ընդունակություններից: Ընդհանուր մարզումների համար հատկացվել է 500 մլն դոլար: Ե´վ Սիրիացի ընդդիմադիրների մի մասը, և´ ամերիկացի մի շարք կոնգրեսականներ դժգոհում են մարզումների ծրագրից՝ այն համարելով շատ փոքր և դանդաղ զարգացող:

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները

Ավելացնենք, որ մարզումները հյուրընկալող պետությունների (Թուրքիա, Հորդանան և Սաուդյան Արաբիա) հետ մարզումների վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2014-ի նոյեմբերից, իսկ բուն մարզումները նախատեսված էին մեկնարկել դեռ 2015թ. մարտին:

Հիշեցնեք, որ չնայած նախնական ժամանակացույցին՝ Թուրքիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից անցկացվող սիրիական զինյալ խմբավորումների «մարզում-սպառազինում» ծրագրը մեկնարկել է միայն մայիսի 28-ին։

3 responses to “Մարտերում տապալվել է ԱՄՆ-ի մարզումներն անցած սիրիացի «ապստամբների» առաջին խումբը

  1. Pingback: «Նուսրայի ճակատի» զինյալները լքում են Հալեպը՝ խուսափելով թուրք-ամերիկյան ուժերի հետ բախումից | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում է ԱՄՆ-ի ծրագրով մարզված ասպտաբների հերթական խումբը | Ռազմ.info

  3. Pingback: ԱՄՆ-ն և Թուրքիան կամրացնեն թուրք-սիրիական սահմանը՝ ԻՊ մատակարարումը կտրելու համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *