Իրադրությունը Սիրիայում, 19 հուլիսի. թարմացվող լրահոս

20:10 Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված արևմտյան ծրագրին: 11 ներկայացուցիչներ քվեարկել են կողմ, 2-ը` ձեռնպահ: Քվեարկությունից մի քանի րոպե առաջ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողներին հայտնել է, որ համաձայնություն հնարավոր չի եղել ձեռք բերել:

Քվեարկության արդյունքների մասին իր հիասթափությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Գրանտը` նշելով, որ Ռուսաստանը և Չինաստանը «չկարողացան ցուցադրել իրենց պատասխանատվությունը ՄԱԿ-ի ԱԽ հանդեպ»: Իսկ Անվտանգության խորհրդի նախագահ Նեստոր Օսորիոն դեռ նախօրիեին հայտնել էր, թե իրադրությունը Սիրիայում այնպիսին է, որ այլևս հնարավոր չէ ազդել իշխանության կամ ընդդիմության վրա:

* * *

Իրադրությունը Սիրիայում շարունակում է մնալ լարված և հագեցած հակասական տեղեկություններով: Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ապստամբները մարտեր են մղում Դամասկոսի Միդան, Թադամոն, Նահր Իշա, Մեզա թաղամասերում: Ըստ ապստամբների հաղորդումների` կառավարակ զորքերը կորուստներ են կրում: Խոսակցություններ կան նաև մի քանի ոչնչացված զրահամեքենաների մասին: Նույն աղբյուրները հայտնում են, որ մարտեր են ընթանում Դամասկոսի կառավարական թաղամասում և իշխանական ուժերը օգտագործում են տանկեր, հրետանի և ուղղաթիռներ:

Կառավարական աղբյուրներն, իրենց հերթին տեղեկացնում են, որ հաջող ռազմական օպերացիաներ են իրականացվել վերոնշյալ թաղամասերում և ապստամբները զգալի կորուստներ են կրել: ՌԻԱ-Նովոստիի թղթակիցը հայտնում է, որ քաղաքում լարվածությունը պայմանավորված է նաև տարատեսակ բամբասանքների ու ասեկոսեների տարածումով, որոնք մեծ մասամբ չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, նա հայտնել է, որ հուլիսի 18-ի ահաբեկչությունից հետո լուրեր են տարածվել, թե սիրիական ազգային գվարդիան զանգվածային ստուգումներ է անցկացնում բնակավայրերում և սպանում կամ ձերբակալում մարդկանց: Կարճ ժամանակ անց բոլորը համոզվել են, որ այդ տեղեկությունն իրականության հետ ոչ մի կապ չունի:

Հակասական տեղեկություններ են շրջանառվում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին. Գարդիանը հոդվածներից մեկում չէր բացառել Ասադի վիրավոր լինելու հանգամանքը: Դա պայմանավորված է նաև նրանով, որ հուլիսի 19-ին տեղեկություն տարածվեց, թե Ասադի գտնվելու վայրը հայտնի չէ: Համաձայն որոշ աղբյուրների նա գտնվում է Լաթաքիայում, որտեղ մեծամասնություն են կազմում ալևիները:

Նույնքան ուշագրավ է նաև իշխանական աղբյուրների տարածած այն լուրը, թե մարտական գործողությունների մասին պատմող տեսանյութերի մի մասը նկարահանվում են Կատարում: Այս տեղեկությունը ևս հնարավոր չէ ստուգել, սակայն այն փաստը, որ Սիրիայի տեղեկատվության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին քննադատաբար վերբերվել շրջանառվող լուրերին, վկայում է լայնածավալ տեղեկատվական պատերազմի մասին:

12:24 Վենեսուելայի արտգործ նախարարը ցավակցություն է հայտնել Սիրիայի ժողովրդին երեկվա ահաբեկչության կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Վենեսուելայի կառավարությունը իր ամենախորին ցավակցությունն է հայտնում Սիրիայի անվեհեր ժողովրդին եւ հատկապես այս նոր հանցանքից զոհվածների ընտանիքներին»: Նշվում է նայև, որ Վենեսուելան միջազգային հանրությանը կոչ է անում զերծ մնալ զինված միջամտությունից, ինչը միայն կսրի հակամարտությունը:

10:30 Հինգշաբթի` հուլիսի 19-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն նախատեսում է քվեարկել սիրիական հակամարտության կարգավորման երկու ծրագրերը` ռուսականը և բրիտանականը: Քվեարկությունը պետք է տեղի ունենար չորեքշաբթի օրը, սակայն ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի խնդրանքով այն հետաձգվել էր, որպեսզի ներկայացուցիչ երկրները կարողանան համաձայնության գալ:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը, ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերար Արոն անիմաստ է համարել քննարկումները, քանի որ Ռուսաստանը և Չինաստանը չեն ուզում զիջումներ անել այդ հարցում: Իսկ դա նշանակում է, որ առաջարկվող տարբերակներից ոչ մեկը չի ընդունվի:

* * *

Սիրիայի Արաբական Հանրապետության Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ զինված ուժերը շարունակելու են ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը, ամենուր հետապնդելու են նրանց, որպեսզի ազատեն հայրենիքը նրանց հանցավոր գործունեությունից: Հայտարարության մեջ նշվում է, որ խորապես սխալվում են նրանք, ովքեր կարծում են մի շարք բարձրագույն զինվորականների մահը կարող է կոտրել սիրիացիների կամքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *