Բրիտանիան ԻՊ դեմ Իրաքում ավիահարվածները կերկարացնի մինչև 2017թ.

Մեծ Բրիտանիան շարունակելու է շահագործել երկրի զինված ուժերի «Տորնադո» (Tornado GR4) ռմբակոծիչները, որպեսզի դրանցով ավիահարվածներ հասցնի Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին, ըստ բրիտանական Guardian լրատվակայքի, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը:

Բրիտանական օդուժի Tornado GR4 բազմանպատակային ռմբակոծիչ ինքնաթիռներ

Բրիտանական օդուժի Tornado GR4 բազմանպատակային ռմբակոծիչ ինքնաթիռներ

Բրիտանական ռմբակոծիչները նախատեսվում էր եվրոպական Eurofighter Typhoon կործանիչներով փոխարինել դեռևս նախորդ տարվա մարտին, սակայն դրանք կմնան շահագործման մեջ, քանի որ բրիտանական իշխանությունները վստահ են, որ դրանք արդյունավետորեն են պայքարում ԻՊ ահաբեկիչների դեմ:

Բրիտանացիները սրանով նաև մինչև 2017 թվականի մարտը երկարաձգել են Իրաքում ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու ծրագիրը, որը սկսել են դեռևս 2014-ի սեպտեմբերին: Բրիտանական AirWars կազմակերպության տվյալներով՝ այս ընթացքում բրիտանական օդուժը շուրջ 250 ավիահարված է հասցրել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին: (Սիրիայում և Իրաքում ԻՊ դիրքերին հարվածների մեծ մասը հասցրել է ԱՄՆ-ն՝ 4500-ից ավելի հարված):

Թունիսում հունիսին ԻՊ կազմակերպած ահաբեկչությունից հետո էլ Մեծ Բրիտանիայի վարչապետը որոշել է երկրի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկին՝ SAS-ին, թույլ տալ գործողություններ սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների ոչնչացման համար: Ավելին՝ ԻՊ դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար երկրի վարչապետը որոշել է ավելացնել երկրի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի և հատուկ նշանակության ստորաբաժանումների վրա ծախսվող գումարները:

Սակայն թեև բրիտանական կողմը նշում է, որ իրենք ԻՊ դեմ գործողություններ իրականացնում են միայն Իրաքում, սակայն հուլիսի կեսերին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի ԶՈւ մի խումբ զինծառայողներ ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումների կազմում ներգրավված են եղել նաև Սիրիայում ավիահարվածներին:

Ավելացնենք, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ ավիահարվածները սկսվել են 2014-ի օգոստոսին: Հետագայում ավիահարվածներին միացել են նաև ԱՄՆ դաշնակիցները՝ Ֆրանսիան, Բրիտանիան (սեպտեմբեր), Բելգիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան (հոկտեմբեր) և Կանադան (նոյեմբեր):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *