Օգոստոսին Կասպից ծովի հյուսիսային ափին մոտ տեղակայված «Աշուլուկ» զորավարժարանում Ռուսաստանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները անցկացնելու են խոշոր զորավարժություն, որի սցենարով ոչնչացնելու են հակառակորդի՝ ՌԴ օդային տարածք մտած կործանիչները: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» ընկերության Ս-300ՊՄՈւ-2 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի տարրերը՝ (ձախից աջ) ռադիոտեղորոշման ռադարը, ղեկավարման կայանը և հրթիռների արձակման կայանը
Զորավարժության ընթացքում Ս-300 զենիթահրթիռային համակարգերն ու ռադիոլոկացիոն կայանները հայտնաբերելու և ոչնչացնելու են «հակառակորդի կործանիչներն ու թևավոր հրթիռները», որոնց իմիտացիայի համար կիրառվելու են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր:
Վարժանքների ընթացքում զինծառայողները հատկապես սովորելու են թևավոր հրթիռները հայտնաբերել և խոցել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ճնշման ազդեցության տակ:
Բացի բուն մարտական խնդիրներից, զինծառայողները վարժվելու են նաև համակարգերի և ռադիոլոկացիոն կայանների քողարկման և կեղծ թիրախների պատրաստման գործում:
Քարտեզում ներկայացված է զորավարժության անցկացման վայրը.
Ավելացնենք, որ ներկայում ընթացքի մեջ են նաև ՌԴ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների զորավարժությունները Կովկասում՝ այդ թվում և Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում: Վարժանքներին ներգրավված է մոտ 1300 հոգի անձնակազմ:
Մինչ այս, Ռուսաստանի կովկասյան-մերձկասպյան տարածքներում հուլիսի երկրորդ կեսին ՌԴ զինված ուժերը խոշոր զորավարժություններ անցկացրել են մասնավորապես ՀՕՊ, հրթիռահրետանային սպառազինության և Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառմամբ: