Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կքննարկի Թուրքիային ՀՕՊ համակարգերի մատակարարման մրցույթի պայմանները։ Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Մասնավորապես, ըստ «Միլիեթ» թերթի՝ Էրդողանը հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկելու է վերանայել մրցույթին ռուսական կողմի մասնակցության պայմանները և Ս-300Վ համակարգի փոխարեն մրցույթի ներկայացնել Ս-400 համակարգը։ Սակայն «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերությունը դեռ հուլիսի սկզբին հայտարարել էր, որ չի կարող իրականացնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի արտահանում, քանի դեռ ամբողջովին չեն բավարարվել ռուսական բանակի կարիքները։
Իսկ ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մինչեւ 2015 թվականը Ս-400 համակրգերի արտադրությունը ուղղվելու է բացառապես ռուսական բանակի կարիքների բավարարմանը։ Նշենք, որ Ռուսաստանը նախատեսում է մինչև 2020 թվականը գնել Ս-400-ի 56 դիվիզիոն:
Ներկայումս մարտական հերթապահություն են իրականացնում միայն 4-ը, ևս մեկը պատրաստ պիտի լինի այս տարվա աշնանը։ Այս հանգամանքերից ելնելով՝ Ս-400-ի մատակարարումը Թուրքիա տասնամյակում քիչ է հավանական։
Հիշեցնենք, որ Թուրքիան 2009 թվականին հեռահար զենիթահրթիռային համակարգերի գնման՝ շուրջ 4 միլիարդ դոլար արժողությամբ մրցույթ էր հայտարարել, որին մասնակցում են մի քանի երկրներ և ընկերություններ։ Ենթադրվում է, որ գնված համակարգերը պիտի տեղակայվեն Անկարայի, Ստամբուլի և Սիրիայի հետ սահմանի մոտակայքում։ Հնարավոր տեղակայման ևս մի վայր դեռ ճշտված չէ։
Ռուսական կողմը մասնակցում էր այդ մրցույթին Ս-300ՎՄ «Անտեյ-2500» համակարգով, որը Ս-300Վ համակարգի արդիականացված տարբերակն է և նախատեսված է բալիստիկ ու աերոդինամիկ թիրախների ոչնչացման համար։ Այն կարող է ոչնչացնել աերոդինամիկ թիրախները մինչև 350 կմ (այլ տվյալներով՝ 400 կմ) հեռավորության վրա։
Հետաքրքիր է՝ կա կարծիք, որ Ս-300ՎՄ-ն իրականում ավելի հաջող համակարգ է, քան Ս-400-ը, հատկապես հաշվի առնելով, որ վերջինիս հեռահար 40Н6Е հրթիռը (400 կմ), դեռևս պատրաստ չէ, իսկ առանց այդ հրթիռի, Ս-400-ի հեռահարությունը սահմանափակվում է 200-250 կմ-ով, այսինքն՝ շատ քիչ է գերազանցում Ս-300Պ սերիայի մյուս համակարգերին։