Թուրքիայում քրդերը հարձակվել են կառավարական ուժերի հենակետի վրա, կան սպանվածներ

Օգոստոսի 2-ին «Քրդստանկի աշխատավորական կուսակցության» (PKK) քուրդ մահապարտը տրակտորի մեջ լիցքավորված 2 տոննա պայթուցիկ նյութերով մոտեցել է Թուրքիայի ժանդարմերիայի հենակետին և պայթեցրել մեքենան, ինչի արդյունքում սպանվել է Թուրքիայի 2 զինծառայող, ևս մոտ 30-ը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:

Հարձակումը եղել է թուրք-իրանական սահմանի կից թուրքական Դողուբեյազըթ (Doğubeyazıt) գավառում (Հայաստանի սահմանից մոտ 20կմ դեպի հարավ):

Նշենք, որ այս ամիս թուրք-քրդական հարաբերությունները կրկին սրվել են, երբ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվել է թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվել են։

Այս միջադեպից հետո Թուրքիայի զինված ուժերը բախման շրջան  ուղարկեցին զրահատեխնիկա և հատուկ նշանակության ստորաբաժանում։ Դրանից զատ թուրքական զինուժը ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ էր հասցրել F-16 կործանիչներով։ Հուլիսի 25-ին և 26-ին մի քանի անգամ ավիահարվածներ են հասցրվել նաև Իրաքում տեղակայված PKK ստորաբաժանումների դիրքերին։ Ավիահարվածները PKK-ի 6 դիրքերին շարունակվել են նաև հուլիսի 28-29-ին։

Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ այս ընթացքում Թուրքիայի տարածքում և երկրից դուրս Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ իրակացված գործողություններին ներգրավվել է 80 ռազմական ինքնաթիռ, ոչնչացվել է PKK-ի շուրջ 100 ապաստարան, պահեստ և այլ կառույցներ: Հուլիսի 24-ից մինչ օրս PKK-ի դեմ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի շուրջ 260 մարտիկ, վիրավորվել 380-ից 400-ը:

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական PKK-ի դիրքերին

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական PKK-ի դիրքերին

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը:

One response to “Թուրքիայում քրդերը հարձակվել են կառավարական ուժերի հենակետի վրա, կան սպանվածներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *