Զինված ընդհարում Ուզբեկստանի և Ղրղզստանի սահմանին. կան զոհեր

Հուլիսի 17-ի երեկոյան Ղրղզստանի հարավում՝ Ջալալ-Աբադի մարզի Ալա-Բուկի շրջանում Ուզբեկստանի և Ղրղզստանի սահմանապահների միջև զինված ընդհարում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Ղրղզստանի Սահմանապահ զորքերի մամլո ծառայությունը՝ Ղրղզստանի Սահմանապահ զորքերի 1 զինծառայող է զոհվել, 2 քաղաքացիներ ստացել են հրազենային վնասվածքներ, զոհեր կան նաև ուզբեկական կողմից:

«ՌԻԱ Նովոստի» փոխանցմամբ՝ նախնական տվյալներով միջադեպի առիթը Քոքթաշ ” Բուլակ-Բաշի ավտոճանապարհի չգծանշված հատվածում նույն օրը սկսված ճանապարհային վերանորոգման աշխատանքներն էին, որոնցում ներգրավված էին տեղաբնակները՝ Ղրղզստանի Բուլակ-Բաշի գյուղի բնակիչները:

Ալա-Բուկի սահմանապահ ջոկատի «Քոքթաշ» ուղեկալի սահմանապահ վերակարգի կողմից բնակիչներին տեղեկացվել է, որ ճանապարհի վերանորոգման աշխատանքները այդ հատվածում անթույլատրելի են, քանի որ ճանապարհն անցնում է պետական սահմանի չսահմանված հատվածով, մինչդեռ գյուղացիները շարունակել են աշխատանքները:
Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել Ուզբեկստանի սահմանապահները և պահանջել դադարեցնել աշխատանքները: Աշխատողները ագրեսիվորեն մերժել են պահանջը: Վիճաբանության ժամանակ ուզբեկները դիմել են զենքի: Ղրղզ սահմանապահներն իրենց հերթին պատասխան կրակ են բացել:
Դեպքի առիթով փոխհրաձգության թեժ պահին հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու կողմերի Սահմանապահ ծառայությունների ղեկավարների միջև և ձեռք է բերվել կրակի դադարեցման, միջադեպի հետևանքների խաղաղ կարգավորման և ներկայացուցչական հանդիպման անցկացման պայմանավորվածություն:

Ռուսաստանի «Новый Регион» լրատվակայքի տվյալներով՝ Միջին Ասիայում ուզբեկների և ղրղզների միջև ընդհարումներ հաճախ են լինում: Ղրղզական հեղափոխությունից հետո՝ 2010թ. ապրիլին այդ երկրի հարավում տեղի ունեցան միջէթնիկական ընդհարումներ: Ղրղզների՝ ուզբեկների դեմ իրականացրած գործողությունների հետևանքով 442 մարդ զոհվեց,1.5 հազարը վիրավորվեց:
Ղրղզստանի Ջալալ-Աբադի մարզում իրադրությունն այնքանով է բարդ, որ բնակչության 23%-ը ուզբեկներ են, իսկ պետական սահմանը հստակ նշված չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *