Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների երդման, սպայական կոչումների և սպայական դաշույնների շնորհման հանդիսավոր արարողությունն էր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Ավարտական հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քաղաքացիական բուհերի ռեկտորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, բարձրաստիճան այլ հյուրեր։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին, նշելով. «Մեր ողջ ժողովրդի հետ միասին ես, անշուշտ, հպարտանում են ձեզնով: Մի երկրում, որի սահմաններին պարբերաբար կրակում են, դուք ընտրել եք ռազմիկի և սպայի մասնագիտությունը, դուք ձեր կյանքը կապել եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, ահա ինչու մենք հավատում ու վտահում ենք ձեզ: Դուք համալրում եք ոչ միայն հայ սպաների, այլև հայ մտավորականության շարքերը, ավելորդ չեմ համարում կրկնել այն, ինչ ասել եմ տարբեր առիթներով: Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է»։
Սերժ Սարգսյանը ուսման գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով:
Բարձրագույն հրամանատարաշտաբային դասընթացներն ավարտած և ակադեմիական կրթություն ստացած սպաներին շնորհավորել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը և Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը հիմնադրվելուն պես դարձան բարձրագույն զինվորական կրթության այն օջախները, որոնք պրոֆեսորադասախոսական ու սպայական կազմի մասնագիտական պատրաստվածության ու նվիրվածության շնորհիվ կարողացան համաքայլ ընթանալ ժամանակի պահանջներին և պատրաստել սպաներ, ովքեր դառնում են քսանմեկերորդ դարի հայ զինվորի մարտական ուսուցման կազմակերպողն ու նրա հրամանատարը»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն օգոստոսի 2-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի զոհերի ու Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Տեսանյութում ներկայացված է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info