Հուլիսի 27-ից 31-ը Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների համար անցկացվել է հրամանատարական հավաք-դասընթաց՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ – շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ղեկավարությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ օգոստոսի 1-ի թողարկումը։
Հավաք-դասընթացի նպատակն է եղել ամրապնդել մասնակիցների ունակությունները զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ընթացքում, բարձրացնել տեսական ու գործնական ունակությունները, ստուգել պատրաստության մակարդակը մարտավարական, կրակային և ֆիզիկական պատրաստությունից։
Հավաք-դասընթացի ղեկավար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի խոսքով՝ հավաքի նպատակն է եղել կատարելագործել գումարտակների, դիվիզիոնների հրամկազմի տեսական-գործնական գիտելիքները, ամրապնդել նրանց ունակությունները։ Ուշադրությունն առաջին հերթին ուղղված է եղել գիշերային պայմաններում այս օղակի հրամանատարների՝ իրենց ստորաբաժանումների ղեկավարման գործնական պարապմունքների վրա։
Հավաք-դասընթացի թեմաների մեջ ներառված են եղել ռազմատեղագրական, հետախուզական, կրակային պատրաստության, կապի և այլ ոլորտների, գաղափարադաստիարակչական և մարտավարական պատրաստություն, ղեկավարման հիմունքների և համազորային կանոնադրությունների վերաբերյալ պարապմունքներ։ Անցկացվել են ինչպես կենտրոնացված, այնպես էլ առանձին մասնագիտական խմբերով պարապմունքներ։
Կամո Վարդանյանի խոսքով՝ հավաքի արդյունքները ընդհանուր առմամբ գոհացուցիչն են եղել։ Եղել նաև թերություններ, և հավաքների արդյունքների վերլուծությունից հետո գեներալ-մայոր Վարդանյանը մատնանշել է մասնակիցների թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև այն ուղղությունները, որոնց վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել և շտկել թերացումները։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info