Վրաստանցի զինծառայողները կվերապատրաստվեն Ֆրանսիայում. Վրաստանի պաշտպանության նախարար

Հուլիսի 30-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն այցելել են Քութաիսիում տեղակայված Կոպիտնարի ռազմաբազա, որտեղ հյուրերին ներկայացրել են ռազմաբազայի կառուցվածքն ու ռազմական տեխնիկան։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարը, ԳՇ պետն ԶՈւ զինծառայողների հետ

Վրաստանի պաշտպանության նախարարը, ԳՇ պետն ԶՈւ զինծառայողների հետ

Նույն օրը Խիդաշելին արևմտյան օպերատիվ խմբավորման հրամանատար, գնդապետ Միխաիլ Սադունիշվիլիի հետ այցելել է նաև ԶՈւ ցամաքային ուժերի արևմտյան օպերատիվ խմբավորման 3-րդ հետևակային բրիգադ։ Այնուհետև պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը եղել են նաև Սիմոնեթիի զորավարժարանում (Քութաիսիի մերձակայքում), դիտել հակատանկային ցուցադրական զորավարժություն, այնուհետև ներկաների համար դասակի մակարդակով էլ անցկացվել է մարտավարական վարժանք։

Նշենք, որ Թինաթին Խիդաշելին արդեն մի քանի օր է, ինչ անցկացնում է զինված ուժերում, ապրում է զինվորական օրակարգով։ Նրան ռազմաբազաներում ուղեկցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Արևմտյան օպերատիվ խմբավորման 3-րդ հետևակային բրիգադ այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում Խիդաշելին անդրադարձել է նաև Ֆրանսիայում ստորագրած 2 պայմանագրերին, նշելով. «Պայմանագիրը ստորագրված է, այսօր (հուլիսի 30-ին) կառավարության նիստի ժամանակ հաստատվել է նաև ֆինանսական հատվածը։ Մենք կսկսենք ՀՕՊ միջոցների գնումները, բայց մինչ այդ վրաստանյան զորախումբ կուղարկենք Ֆրանսիա վերապատրաստվելու։ Ֆրանսիայից էլ մասնագետներ կգան մեր զինծառայողներին վերապատրաստելու համար»,— հայտարարել է Խիդաշելին։

Պաշտպանության նախարարը նաև վստահեցրել է, որ երբ տեխնիկան արդեն Վրաստանում լինի, երկրի օդային պաշտպանությունն ամբողջական կդառնա։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Փարիզի 51-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։  Մոտ մեկ ամիս անց դարձյալ Ֆրանսիայում պաշտպանության նախարարը հրթիռներ արտադրողեվրոպական MBDA ընկերության հետ կնքել է ևս մեկ պայմանագիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *