ՌԴ ՊՆ-ում բացահայտել են զինված ուժերում հաճախակիացած ավիավթարների պատճառները

Ռուսաստանի ռազմական ավիացիայի՝ վերջերս հաճախակի դարձած վթարների, ինքնաթիռների անկումների պատճառներից մեկը բարձրակարգ մասնագետների պակասն է: Այս մասին հուլիսի 31-ին տեղեկացնում է ռուսաստանյան «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ անանուն պաշտոնյային:

ՌԴ ՌՕՈւ Սու-34 ճակատային ռմբակոծիչ՝ վթարից հետո

ՌԴ ՌՕՈւ Սու-34 ճակատային ռմբակոծիչ՝ վթարից հետո

Աղբյուրը նշել է, որ 5-6 տարի առաջ Ռուսաստանի ավիացիոն ստորաբաժանումներում կրճատումներ են եղել, կրճատվել է նաև ավիացիոն և ավիացիոն ինժեներական ուսումնարանների դիմորդների ընդունելությունը: Այս ամենը բերել է նրան, որ ռուսաստանյան զինված ուժերում խիստ նվազել է բարձրակարգ մասնագետների թիվը:

Այս խնդիրը սրվել է նաև ՌԴ զինված ուժերում ավիացիայի թռիչքների ավելացմամբ, ինչից հետո մասնագետների էլ ավելի մեծ պահանջ է զգացվել: Բացի այդ էլ զինված ուժերին մատակարարվում է ավելի մեծ ծավալի ավիացիոն տեխնիկա:

Գործակալության աղբյուրը նշել է, որ պաշտպանության նախարարությունն արդեն ավելացրել է համապատասխան ուսումնարաններ ընդունվող դիմորդների քանակը, սակայն այդ դիմորդները մասնագետներ կդառնան և զորքեր կուղարկվեն միայն 2018-ին:

Խնդրի լուծման համար ներկայում ՌԴ Պն-ում քննարկվում է մի քանի տարբերակ, մասնավորապես՝ վերադարձնել ժամանակին պահեստազոր ուղարկված (կրճատված) անձնակազմին կամ մասնագետների պատրաստել արագացված գրաֆիկով:

Աղբյուրը նշել է նաև, որ այս տարին ամենևին էլ ամենավատ տարին չէ ՌԴ զինված ուժերում ավիավթարների հաճախակիության տեսանկյունից: Նրա խոսքով՝ վերջին տասը տարիներին ռուսաստանյան ռազմական ավիացիայում գրանցվել է 83 թռիչքային պատահար, որոնցից միայն երկուսը նախորդ տարի:

Իսկ 2015-ի միայն ամռանը, հիշեցնենք, ՌԴ զինված ուժերում արդեն գրանցվել է 7 պատահար.

  • հունիսի 8 – Ամուրսկի շրջանում շարժիչի վառվելու հետևանքով վթարվելու Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ, ինչի հետևանքով վիրավորվել են անձնակազմի մի քանի անդամ,
  • հուլիսի 3 – Կրասնոդարի մոտ ընկել է ՄիԳ-29 կործանիչ,
  • հուլիսի 4 – միաժամանակ 2 վթար է եղել. Աշուլուկ շրջանում ընկել ՄիԳ-29 կործանիչ, իսկ Վորոնեժում վայրէջքի ժամանակ շրջվել է Սու-34 ռմբակոծիչ,
  • հուլիսի 6 – Խաբարովսկի երկրամասում վթարվել է Սու-24 ճակատային ռմբակոծիչ, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները,
  • հուլիսի 14 – Խաբարովսկում ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է ևս մեկ Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ։ Զոհվել են 2 օդաչուները,
  • հուլիսի 17 – Չելյաբինսկի շրջանում վթարվել է Ան-12 բեռնատար ինքնաթիռ:

Սրա հետ կապված՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շույգուն հուլիսի 24-ին հայտարարել է, որ հանձնարարել է պարզել ՌԴ ԶՈւ ավիացիայում գրանցված վթարների պատճառներն ու միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

3 responses to “ՌԴ ՊՆ-ում բացահայտել են զինված ուժերում հաճախակիացած ավիավթարների պատճառները

  1. Pingback: Ռուսաստանում վթարվել է մարտական ուղղաթիռ, օդաչուներից մեկը զոհվել է (վիդեո) | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանում ՄիԳ-31 է կործանվել. օդաչուները փրկվել են | Ռազմ.info

  3. Pingback: 2016-ին ՌԴ օդուժում օդաչուների պակասորդը կազմել է 1300 հոգի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *