Որպես ռազմական օգնություն՝ ԱՄՆ-ն Եգիպտոսին F-16 կործանիչներ է տրամադրել

Հուլիսի 30-ին և 31-ին ԱՄՆ-ն 8 միավոր F-16 Block 52 կործանիչներ է մատակարարելու Կահիրեի արևմտյան ավիբազային՝ որպես Եգիպտոսին տրվող ռազմական աջակցություն։ Այս մասին հուլիսի 30-ին հայտնում է Կահիրեում ԱՄՆ դեսպանատան կայքը։

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ

Ըստ հաղորդագրության՝ կործանիչներն ԱՄՆ-ից Եգիպտոս տեղափոխվելուց անմիջապես հետո  համալրելու են այդ երկրի ռազմաօդային ուժերում առկա F-16-երի պարկը։

Կահիրեում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ գեներալ-մայոր Չարլզ Հուփերը (Charles Hooper) նշել է, որ F-16-երը մեծ կարևորություն ունեն տարածաշրջանային անհավասարակշռության պարագայում։

«Ամերիկայի նվիրվածությունը Եգիպտոսին երևում է շարունակական համագործակցությամբ և կարողությունների փոխանակման միջոցով։ Ծայրահեղականները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը, և այս զինատեսակները նոր միջոցներ կլինեն Եգիպտոսի համար ահաբեկչության դեմ պայքարում»,— հայտարարել է Չարլզ Հուփերը։

Հաղորդագրության մեջ նվում է նաև, որ ԱՄՆ-ն այս տարվա աշնանը Եգիպտոսին կտա ևս 4 միավոր F-16, ինչպես նաև կշարունակի Եգիպտոսի ռազմաօդային ուժերի օդաչուների և թռիչքները կառավարող անձնակազմի վերապատրաստումները։

Նշենք, որ նախորդ ամիս էլ ԱՄՆ-ն 2 միավոր հրթիռային նավ էր տրամադրել Եգիպտոսի ռազմածովային ուժերին։

Հավելենք, որ մարտի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Օբաման հայտնել էր, որ ԱՄՆ-ն հանում է 2013թ. հոկտեմբերի հեղաշրջումից հետո Եգիպտոսի նկատմամբ կիրառվող Harpoon տեսակի հականավային թևավոր հրթիռների, F-16 կործանիչների, M1A1 Abrams տանկերի վաճառքի էմբարգոն։

Օբաման նաև հայտնել է ալ-Սիսին, որ ամեն տարի ինքը հարցում է ուղարկելու, որպեսզի Եգիպտոսին որպես ռազմական օգնություն տրամադրվի 1.3 մլրդ ամերիկյան դոլար։ ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ 2018-ի ֆինանսական տարվա սկզբից Եգիպտոսին հատկացվելիք անվտանգային օգնությունը բաժանվելու է 4 կատեգորիայի (հակաահաբեկչական պայքար ու Սինայի թերակղզու, սահմանային և ծովային անվտանգություն)։

Հիշեցենք, որ 2013-ի հուլիսի 3-ին Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը իշխանությունից հեռացրել էր նախագահ Մոհամմեդ Մուրսիին, ով վայելում էր «Մուսուլման եղբայրների» աջակցությունը։ Դրանից հետո երկրում ձևավորվել է ռազմական ժամանակավոր ղեկավարություն: Մինչև ընտրությունների անցկացումը զինվորականների աջակցությամբ երկրի նախագահ էր նշանակվել Ադլի Մանսուրը: Իսկ 2014-ի ապրիլի վերջին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է երկրի նախկին պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *