Իրանին պատվիրված Ս-300 համակարգեր տրամադրելու փոխարեն ռուսաստանյան կողմը նախատեսում է տրամադրել զենիթահրթիռային համակարգերի կատարելագործված տարբերակը՝ պատվիրված համակարգի վրա որոշ լրամշակումներ անելուց հետո: Այս մասին ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:
Ըստ պաշտոնյայի՝ փոխանցվելու է նույն համակարգը, որն Իրանը ցանկանում էր, սակայն որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո, քանի որ պայմանագրից անցել է երկար ժամանակ (այն կնքվել է 2007-ին), իսկ այդ ընթացքում պատվիրված համակարգերը բարոյապես մաշվել են:
Նշենք, որ Իրանին 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, որի գինը շուրջ 800 մլն դոլար էր, կողմերը կնքել էին դեռևս 2007թ.: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը հրաժարվեց տրամադրել համակարգերը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Միաժամանակ Ռուսաստանը վերադարձրել էր Իրանի վճարած 167 մլն դոլարը: Ենթադրաբար այս քայլը պայմանավորված էր Իսրայելի ճնշումներով:
Սակայն իրանական կողմին դա չէր գոհացրել, և Իրանը Ժնևի միջազգային դատարան հայտ էր ներկայացրել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:
2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը համակարգերը փոխանցելու է մինչև տարեվերջ: Սակայն ռուսաստանյան ընկերությունները ներկայում չեն արտադրում համակարգերի Ս-300ՊՄՈւ-1 տարբերակը՝ ինչով պայմանավորված էլ ՌԴ-ն և Իրանը բանակցություններ էին վարում նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Pingback: Ռուսաստանը կատարելագործում է Ս-300 հակարգերը՝ Իրանին մատակարարելու համար | Ռազմ.info