ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են որպես հյուր մասնակցել օգոստոսի 1-ից 16-ը Ռուսաստանում անցկացվելիք «Բանակային միջազգային խաղեր-2015» մրցաշարին՝ պատճառաբանելով այդ որոշումը քաղաքական խնդիրներով։ Այս մասին հուլիսի 30-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը, հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։
«Մենք հրավիրել ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրներին գալ մեզ հյուր խաղերին մասնակցելու համար։ Դաշինքի երկրների այցելությունը կօգներ երկխոսություն ստեղծել Ռուսաստանի հետ։ Ժամանակն է եկել «դադարեցնել միմյանց տանկի հրանոթի նշանոցից նայելը»», — հայտարարել է Անտոնովը։
Անտոնովը նաև հույս է հայտնել, որ մի օր ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ վաղ թե ուշ կմասնակցեն համատեղ ռազմական խաղերին։
Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 1-ին, Ռուսաստանում կմեկնարկի «Բանակային միջազգային խաղեր-2015» մրցաշարը, որն այս տարի միավորել է այնպիսի մրցումներ, ինչպիսիք են «Տանկային բիաթլոնը», «Ավիադարտսը», «Կասպյան գավաթ» և մի քանի այլ մրցույթներ։
Խաղերին մասնակցելու է 17 մասնակից, ինչպես նաև 6 դիտորդ պետություն։ Արտերկրից մասնակցելու է 57 թիմ։ Դիտորդ երկրներն են՝ Իրանը, Վիետնամը, Կորեայի հանրապետությունը, Մյանման, Թուրքմենստանը և Բրազիլիան։
Օգոստոսի 1-ին մեկնարկող մրցաշարի մրցույթներից Հայաստանը մասնակցում է միայն Տանկային բիաթլոնին, ինչպես նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Վաղինակ Սարգսյանը: Այս մրցույթին մասնակցելու համար հայկական զինված ուժերից ընտրված լավագույն տանկային անձնակազմերն արդեն մեկնել են Մոսկվա։