ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի համանախագահությամբ հուլիսի 29-ին Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Այս մասին հուլիսի 30-ին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները և նախանշվել են համագործակցության հեռանկարները:
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում աջակցության և կոնկրետ բնագավառներում՝ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլն, համագործակցության համար:
Ինչպես հաղորդում է տեղեկատվական վարչությունը, ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունն իրականացվող նախագծերին։ Վերջիններս օգտագործվում են պաշտպանական բարեփոխումներում, ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խաղաղության և կայունության պահպանության գործողություններին մասնակցող ստորաբաժանումների՝ խաղաղապահ բրիգադի, դաշտային հոսպիտալի և խաղաղապահ ինժեներական ստորաբաժանման կարողությունների զարգացման համար։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։