Վրաստանյան բանակում գլխավոր խնդիրը սնունդն է. Վրաստանի պաշտպանության նախարար

Վրաստանի բանակում գլխավոր խնդիրը սնունդն է, բայց այդ հարցը կլուծվի 2016 թվականին։ Զինված ուժերում բոլոր ճաշարանները 2016թ. կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այս մասին Խոնիի ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում հուլիսի 29-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին,հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների ճաշարանում

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների ճաշարանում

«Համոզված եմ, որ 2016թ. այդ խնդիրը կլուծվի։ Սնունդը մեր գլխավոր խնդիրն է, որն արդեն լուծման փուլում է։ Համաձայնեք, որ եթե խոհանոցում հակահիգենիկ պայմաններ են, ապա նույնիսկ եթե մենք Radosson-ից (հյուրանոցների ցանց է) սնունդ բերենք, ապա հավանականությունը, որ խոհանոցում ինչ-որ բան կլինի դրա հետ, մեծ է»,— հայտնել է Խիդաշելին։

Ըստ հաղորդագրության, Խիդաշելին լրագրողներին հայտնել է նաև, որ պաշտպանության նախարարությունը դիմել է Cartu (ქართუ ჯგუფი— այս հիմնադրամը Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիինն է։ Մինչև քաղաքականության մեջ հայտնի դառնալը, Իվանիշվիլին Վրաստանում հայտնի էր այս և մի քանի այլ հիմնադրամների միջոցով շռայլ բարեգործություններով։ Հիմնադրամն այժմ էլ բարեգործական գործունեություն է ծավալում—Ռազմինֆո) հիմնադրամին աջակցություն ստանալու նպատակով։ Այս հիմնադրամի հետ մինչև տարվա վերջ 3 ծրագիր կիրականացվի, իսկ հաջորդ տարում ծրագրերի թիվը կավելանա։

Խիդաշելին նաև հստակեցրել է, որ այսուհետ Վրաստանի պաշտպանության նախարարության համար առաջնային է լինելու նաև վրաստանցի զինծառայողներին տեղական մթերքով կերակրելը։

«Բանակում ամեն ինչ, ինչ հնարավոր է Վրաստանում գտնել, տեղական է լինելու։ Այլևս չեն լինի արտասահմանից սառեցված մսեր»,— հայտարարել է նախարար Խիդաշելին։

Հավելենք, որ 2015թ. փետրվարի 14-ից Վրաստանի զինված ուժերի զինծառայողներին սննդամթերքով ապահովում է «նոր» ընկերություն՝ «Պետական պարենավորում» ընկերությունը։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն այն ժամանակ հայտնել էր, որ բանակին սննդամթերք մատակարարող «Վրացական սննդամթերքի ընկերության» և Վրաստանի պաշտպանության նախարարության կնքած պայմանագրի ժամկետն ավարտվում է, այդ իսկ պատճառով նոր ընկերությունը կշարունակի զբաղվել սննդամթերքի մատակարարմամբ։ «Պետական պարենավորում» ընկերությունը «Վրացական սննդամթերքի ընկերության» վերափոխված, վերանվանված տարբերակն է։

Նշենք, որ «Վրացական սննդամթերքի ընկերության» 6 աշխատակցի 2014թ. նոյեմբերին մեղադրանք էր առաջադրվել 2013թ. զինծառայողների մասսայական թունավորման դեպքի առնչությամբ։ Թունավորվել էր 858 զինծառայող, որից 90-ը հոսպիտալացվել էր ծանր վիճակով։

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 8-ին Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն լրագրողներին հայտարարել էր, որ բանակում սննդամթերքի ապահովման հարցը բավական վատ վիճակում է և որ շատ աշխատանք կա անելու։ Ներկայիս նախարարի հայտարարությանը պատասխանել էր նախկին նախարար Իրակլի Ալասանիան՝ նշելով, որ սնուցման հարցում իսկապես խնդիրներ եղել են, որոնք «բաժին են ընկել» նաև իրեն, սակայն իր թիմն աշխատել է այդ ուղղությամբ և դրական արդյունքներ ունեցել, սակայն դրա մասին այժմ ոչ ոք չի խոսում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *