Հուլիսի 29-30-ը Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում անցկացվելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից եկող սպառնալիքների վերաբերյալ միջազգային խորհրդակցություն, որին մասնակցելու են 64 երկրի ուժային կառույցների՝ հատուկ նշանակության ուժերի, իրավապահ ծառայությունների և անվտանգության մարմինների ղեկավարների գլխավորած 92 պատվիրակություն։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Խորհրդակցությունը կազմակերպում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։ Մասնակցելու են 4 միջազգային կազմակերպության ներկայացուցչներ՝ ՄԱԿ-ից, Եվրամիությունից, ԱՊՀ-ից և Շանհայի համագործակցության կազմակերպությունից։
Ինչպես հայտնում է լրատվական գործակալությունը, քննարկվելու է ահաբեկչության դեմ պայքարի միջոցները ՄԱԿ-ի համընդհանուր սկզբունքների և միջազգային իրավունքի հիման վրա։
Հավելենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 24-ին ՄԱԿ անվտանգության խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել մի բանաձևի, որը պարտավորեցնում է պետություններին «կանխել և կասեցնել» սեփական քաղաքացիների մասնակցությունը արտերկրում հակամարտություններին ու զինված բախումներին։
«Իսլամական պետությունն» ահաբեկչական կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում Սիրիայի և Իրաքի տարածքում: Տարբեր հաշվարկներով ԻՊ կազմում կռվում է 30-70 հազար զինյալ: Խմբավորումը 2014թ. հունիսից սկսած հսկայական տարածքներ է գրավել ու վերահսկում Իրաքում և Սիրիայում՝ միաժամանակ կռվելով ինչպես Իրաքի և Սիրիայի կառավարական ուժերի, այնպես էլ Սիրիայում կռվող ապստամբական ուժերի և Իրաքյան Քրդստանի ուժերի դեմ: