Ռուս-հնդկական «Ինդրա-2015» զորավարժությունը կանցնի «խաղաղություն պարտադրելու» սցենարով

Ռուս-հնդկական համատեղ «Ինդրա-2015» զորավարժությունն այս տարի անցկացվելու է նոյեմբերին Հնդկաստանում։ Զորավարժության ընթացքում զինծառայողները գործելու են հակամարտության շրջանում ՄԱԿ-ի մանդատով «խաղաղություն պարտադրելու» սցենարով։  Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։

Ռուսաստանի ու Հնդկաստանի ԶՈւ զինծառայողներ «Ինդրա-2012» զորավարժության ժամանակ

Ռուսաստանի ու Հնդկաստանի ԶՈւ զինծառայողներ «Ինդրա-2012» զորավարժության ժամանակ

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զորավարժությունը տևելու է 13 օր, չհաշված զորախմբի տեղափոխումը զորավարժության անցկացման վայր։ Այս տարվա վարժանքներին երկու կողմից կմասնակցի շուրջ 250-ական զինծառայող՝ հաստիքային զինատեսակներով։

Ռուսաստանը ներկայացված է լինելու զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 20-րդ մոտոհրաձգային բրիգադի մոտոհրաձգային գումարտակով։

Տեղեկացնենք, որ «Ինդրան» Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ ամենամյա զորավարժություն է, որն առաջին անգամ անցկացվել է 2003-ին: Զորավարժություններն ունեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ու օդային տարբերակներ, որոնց ընթացքում երկու երկրների զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները փորձի փոխանակում են կատարում՝ վարժանքներ անելով երկու երկրների ցամաքային, օդային ու ջրային սահմաններում: Նախորդ տարի զորավարժությունն անցկացվել է Ռուսաստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *