Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում է

Հուլիսի 27-ից 31-ը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը։ Առաջիկա օրերին ՊՆ ներկայացուցիչները կհանդիպեն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, պետդեպարտամենտի և ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ:Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության և անվտանգության կառույցների հարցերով փոխտեղակալ Դմիտրի Տիտովը

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության և անվտանգության կառույցների հարցերով փոխտեղակալ Դմիտրի Տիտովը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հուլիսի 27-ին Դավիթ Տոնոյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը Միացյալ Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության և անվտանգության կառույցների հարցերով փոխտեղակալ Դմիտրի Տիտովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ռազմական գրասենյակի շտաբի պետ, բրիգադի գեներալ Ահամեդ Մոհամմեդի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումների և հայ սպաների՝ որպես ռազմական դիտորդ ու շտաբային սպաներ մասնակցությանն առնչվող հարցեր:  Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել միջազգային անվտանգության ապահովման գործողություններում և ավելացնել իր աջակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

ՄԱԿ-ի պաշտոնյաները բարձր են գնահատել հայ խաղաղապահների ծառայությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում՝ նշելով, որ Հայաստանի նման գործընկերներն անհրաժեշտ են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայաստանյան պատվիրակությունն  այցի ընթացքում կմասնակցի նաև հայ-ամերիկյան հերթական պաշտպանական խորհրդակցություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *