Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հուլիսի 26-ին մայրաքաղաք Դամասկոսում ելույթ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների առաջ, որի ընթացքում արծարծվող թեմաներից մեկը եղել է քաղաքացիական պատերազմն ու ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ընթացքում սիրիական բանակի առջև ծառացած խնդիրները։ Այս մասին հայտնում էBBC-ի ռուսաստանյան ծառայությունը։
Ասադը նշել է, որ ներկայումս սիրիական բանակի ամենացավոտ խնդիրը մարդկային ռեսուրսների սակավությունն է։ Մոտավոր հաշվարկներով, նախքան 2011-ին սկիզբ առած քաղաքացիական պատերազմը, սիրիական զինուժը հաշվվում էր շուր 300 հազար զինծառայող, մինչդեռ այժմ այդ թիվը կրճատվել է մոտ երկու անգամ։
Ըստ Սիրիայի նախագահի, բանակի շարքերի նոսրացումը պայմանավորված է ինչպես մարտական կորուստներով, այնպես էլ դասալքությամբ և զորակոչից խուսափողների մեծ թվով։ Ստեղծված պատկերը որոշ չափով մեղմելու նպատակով Ասադն օրեր առաջ ստորագրել է համաներում՝ դասալիքների նկատմամբ՝ հույս ունենալով, որ նրանք կրկին կվերադառնան ու զենք կբռնեն կառավարական ուժերի շարքերում։
Երկրի ղեկավարը խոստովանել է նաև, որ զինված ուժերի շարքերի նոսրացման պատճառով Սիրիայի այս կամ այն շրջանի պաշտպանությունն իրականացնելու նպատակով հաճախ անհրաժեշտություն է լինում փոխել զորքերի տեղակայման վայրը՝ տեղափոխելով դրանք մի թեժ կետից մյուսը։
Ասադը խոսել է նաև սիրիական բանակի որոշ անհաջողությունենրի պատճառներից. նա նշել է, որ զինված ուժերը չեն կարողանում ապահովել երկրի ողջ տարածքի անվտանգությունը, հատկապես մի պարագայում, երբ ապստամբներն ու ծայրահեղական տարբեր խմբավորումները աջակցություն են ստանում այնպիսի պետություններից, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը։
Բաշար Ասադը հայտարարել է՝ թեև սիրիական բանակի ուժերը չեն հերիքում ողջ երկրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար, այդուհանդերձ, անձեռնմխելի են պահվել ռազմավարական այնպիսի կարևոր քաղաքները, ինչպիսիք են Դամասկոսը, Հոմսը և Համան։ Ռազմավարական շրջանների թվում Ասադը հիշատակել է նաև երկրի ծովափնյա շրջանները, որոնք, մեծամասամբ, ևս կառավարական ուժերի վերահսկողության տակ են։
Սիրիայի նախագահն իր ելույթում անդրադարձել է նաև զիջումների գնալու և երկրի ներկայիս փաստացի սահմաններով խաղաղություն կնքելու կոչերին։ «Պարտություն բառը բացակայում է սիրիական բանակի բառապաշարում։ Մենք դիմադրելու ենք ու մենք կհաղթենք», ” հայտարարել է Բաշար Ասադը։
Հավելենք, որ քանակական խնդիրներ ունեցող սիրիական բանակն ընթացիկ տարվա հուլիսի սկզբին ձեռնարկել է զորակոչի նոր՝ խոշոր ալիք։ Միևնույն ժամանակ, սիրիական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, ներկայում արական սեռի շուրջ 70 հազար սիրիացի է խուսափում զինվորական ծառայությունից։