Հյուսիսային Կովկասի իրադարձությունները, 5 օգոստոսի, թարմացվող լրահոս

18:19 Այսօր առավոտյան՝ ժամը 7:30-ի սահմաններում Դաղստանի Բույնակ քաղաքում անհայտ անձինք պայթեցրել են ոստիկանության աշխատակցի մեքենան: Ոստիկանը վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել: Ենթադրվում է, որ մեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված եղել:
Վերջին երկու օրերի ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է իրավապահ մարնինների դեմ:
Երեկ Դաղստանի Դերբենտ քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել, որի հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել:
Երեկոյան Կիզիլվյուրտյան շրջանի Կոմսոմոլսկոե գյուղում մի քանի անձինք կրակել են Դաղստանի ՆԳՆ Արագ արձագանքման հատուկ բաժնի աշխատակից Մագոմեդ Ռամազանովի ուղղությամբ: Ստացված վնասվածքներից վերջինս մահացել է:

***

16:55 Չեչնիայի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ինգուշեթիայում սպանվել են 2010 թվականի օգոստոսի 29-ին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ծննդավայր Ցենտորոյ գյուղի վրա հարձակման կազմակերպիչները: Այդ մասին լրագրողներին հայտնել է Կադիրովը:
Դեռ այն ժամանակ Չեչնիայի նախագահը հայտարարել էր , որ սպանված են հարձակումը իրականացրած զինյալները, իսկ այժմ վնասազերծվել են նաևւ հարձակման կազմակերպիչները: Վերջիններիս ինքնությունը պարզված է՝ Զաուրբեկ Ավդորխանով, Իբրահիմ Ավդորխանով և Այուբ Խալադով: Սակայն Կադիրովի խոսքերով՝ կազմակերպիչներից երկուսը դեռևս ազատության մեջ են:
2010 թվականին հարձակման զոհ էին դարձել իրավապահ մարմինների հինգ աշխատակից, իսկ 17 ոստիկան և 7 քաղաքացի վնասվածքներ էին ստացել:
Նշենք նաև, որ Ավդորխանովների իրականացրած այլ ահաբեկչական գործողությունների պատճառով զոհվել են ոստիկանության աշխատակիցներ, խաղաղ բնակիչներ:

***

13:22 Երեքշաբթի երեկոյան Դաղստանի Հասավյուրտ-Բաբայուրտ ավտոճանապարհին ձերբակալվել է Դաղստանի 24-ամյա մի բնակիչ: Վերջինս մեղադրվում է Էլդար Մուզիեւի եւ Ռասիմ Նիկիեւի գլխավորած հասավյուրտյան զինված խմբավորմանը 2012 թվականի մարտ-հուլիս ամիսներին հանցակցելու՝ նրանց բնակարանով, պարենով եւ տրանսպորտային միջոցներով ապահովելու համար:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ Էլդար Մուզիեւը սպանվել է ձեռնարկված հատուկ միջոցառմների արդյունքում՝ հուլիսի 4-ին, իսկ Ռասիմ Նիկիեւը՝ հուլիսի 17-ին:

***

15:17 Դաղստանի Օպերատիվ շտաբից հայտնում են, որ երկուշաբթի ժամը 17:00-ի սահմաններում Մախաչկալայի քաղաքային լողափում` հանգստացողներից քիչ հեռու, 300-500գրամ տրոտիլ հզորությամբ պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Դեպքի վայր ժամանած անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կարճ ժամանակում վնասազերծել սարքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Դաղստանի Բույնակսկի շրջանում 50-70գրամ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով վնասվել էր բարձրավոլտ էլեկտրալարը:

***

12:32 ՌԴ ՆԳՆ փոխանցմամբ՝ երկուշաբթի Դաղստանի Դերբենտի շրջանում՝ Միտագի-Կազմալյար գյուղից քիչ հեռու, զինյալ է վնասազերծվել:
Իրավապահ մարմինների աշխատակիցներն այդ տարածքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում անտառում հայտնաբերել են բլինդաժ, որտեղ էլ եղել են երկու զինյալները:
Սկսված փոխհրաձգության հետեւանքով զինյալներից մեկը սպանվել է, իսկ մյուսին հաջողվել է փախչել: Աշխատանքներ են տարվում վերջինիս հայտնաբերման ուղղությամբ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտներ:
Տարածքի հետագա զննության արդյունքում հայտնաբերվել է նաեւ հողի մեջ փորված թաքստոց, որտեղ եղել են սննդամթերք, խմելու ջուր, բենզին եւ դեղորայք:
Հայտնի է, որ սպանվածը Դաղստանի բնակիչ 1990 թվականին ծնված Պիրմագոմեդ Պիրովն է:
Բախման հետեւանքով տուժել է նաեւ ոստիկանության մեկ աշխատակից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դաղստանի Հասավյուրտի շրջանում զինյալների բազա էր հայտնաբերվել, իսկ հունիսի 27-ին Մախաչկալայում ձեռնարկված միջոցառումների արդյունքում վեց զինյալ էր սպանվել:

***

15:25 ՆԳՆ եւ անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Կաբարդինո-Բալկարիայի Կուբա-Թաբա գյուղի մերձակայքում իրավապահ մարմիններին դիմադրություն ցույց տալիս զինյալ է սպանվել:
Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու ինքնաշեն եւ մեկ Ф-1 նռնակ, Մակարով տեսակի ատրճանակ 30 փամփուշտով:
Հարուցվել է քրեական գործ: Սպանված զինյալի ինքնությունը ճշտվում է:

***

15:20 Ինգուշեթիայի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Ինգուշեթիայի Նազրանի շրջանում «Ժիգուլի» մեքենայում գտնվող անհայտ անձինք ավտոմատ զենքերից եւ նռնականետներից կրակել են երկաթուղու կայարանի ուղղությամբ: Վնասվել է կայարանի շենքը: Զոհեր չկան: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

***

12:37 Ինգուշեթիայի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ հինգշաբթի երեկոյան Մալգոբեկի շրջանում մանկական ատրակցիոններից քիչ հեռու գտնվող սննդամթերքի խանութներից մեկի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել: Տուժածներ չկան:

***

11:46 Դաղստանի Օպերատիվ շտաբից հայտնում են, որ ժամը 9:00-ից Մախաչկալայի Կիրովի շրջանում հակաահաբեկչական ռեժիմ է մտցվել: Շտաբի ներկայաչուցչի խոսքերով՝ ահաբեկչության մեջ կասկածվող մի խումբ անձինք արգելափակված են բնակարաններից մեկում: Միջացառումներ են իրականացվում նրանց չեզոքացման ուղղությամբ:

«Ահաբեկչությանը հակազդելու մասին» Դաշնային օրենքի համաձայն՝ հակաահաբեկչական ռեժիմ մտցվում է միայն հատուկ դեպքերում: Այն ենթադրում է որոշ սահմանափակումներ տարածքներում կամ օբյեկտներում, որտեղ մտցված է այդ ռեժիմը, մասնավորապես այդ գոտում գտնվող բոլոր անձանց փաստաթղթերի ստուգում, հեռախոսազրույցների վերահսկում եւ այլն:

***

11:32 Դաղստանի Ներքին գործերի մամլո ծառայությունից հայտնում են, որ երեկ Բույնակսկի շրջանի գազալցման կայանում Դաղստանի անվտանգության ծառայության սակրավորները 1,5 կգ տրոտիլի հզորությամբ պայթուցիկ սարք են վնասազերծել:
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ զինյալները մտադիր են եղել գազով լցված ցիստեռնը հետագայում օգտագործել խոշոր ահաբեկչութուն իրականացնելու համար:

***

Դաղստանի ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ կեսգիշերին Հասավյուրտ-Մուցալաուլ ավտոճանապարհին Դաղստանի ուժային կառույցների աշխատակիցների եւ ոստիկանների ուղղությամբ կրակ արձակած անձանց միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով երեք մարդ է սպանվել:
Ենթադրյալ զինյալների ավտոմեքենան ստուգման համար կանգնեցրած իրավապահ մարմինների աշխատակիցների շարքում զոհեր եւ տուժածներ չկան:
Մենքենայի մեջ հայտաբերվել է զինամթերք, նախնական պարզվել է նաեւ սպանվածների ինքնությունը: Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում:>

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *